Բաժիններ՝

«Համով, հոտով Երևանը ջերմ միջավայր կլինի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար»

Զբոսաշրջիկների համար Երևանն առավել գրավիչ դարձնելու համար քաղաքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել: «Արմենպրես»-ի հետ զրույցոմ Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ հիմնական միջոցառումների մեկնարկը կտրվի գարնան վերջին: Ամենաընդգրկուն միջոցառումներն ունի «Երևանյան ամառ» ծրագիրը: Նախատեսված միջոցառումներով թիրախավորվել են հենց զբոսաշրջիկները:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ հունիսի 10-ին կմեկնարկի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը:

«Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին` ծանոթացնելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Տեղում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր: Մի խոսքով, համով, հոտով Երևանը ջերմ միջավայր կլինի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Կարդացեք նաև

Հուլիսի 15-ին «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի ավանդական դարձած «Ձմերուկի փառատոն»-ը: Միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջանների տաղավարներում մասնագետները կներկայացնեն ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվելու է հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար կանցկացվի ձմերուկի հյուրասիրություն:

Գևորգ Օրբելյանը նշեց, ո ր փառատոնը ոչ միայն սիրվել է, այլև սպասված տոն է, որն ամառային օրերին փոխանցում է յուրահատուկ վառ գույներ ու բարձր տրամադրություն: Միջոցառման ընթացքում կազմակերպվում են նաև խաղ-մրցույթներ:

Օգոստոսի սկզբին կանցկացվի «Երևան տարազ ֆեստ» փառատոնը: Մասնակիցները հանրությանը կներկայացնեն ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային տարրեր պարունակող ժամանակակից հագուստ: Փառատոնի նպատակն է քարոզել հայկականը, տարազը և կոչ անել, որ մարդիկ իրենց առօրյա հագուստի մեջ օգտագործեն հայկական տարազի բաղադրիչներ՝ պահպանելով հայ մշակույթը և պատմությունը:

Փառատոնների կազմակերպման տեսանկյունից օգոտստոսը հագեցած ամիս է: «Երևան տարազ ֆեստ»-ին կհաջորդի Գարեջրի փառատոնը: Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկությունները, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։ Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով:

Սրանք գլխավոր միջոցառումներն են, սակայն դրանցից բացի, մայիսից մեկնարկում է «Երևան սիթի տուր» երկհարկանի ավտոբուսի աշխատանքը, որ գրեթե մեկ ու կես ժամանոց պտույտ է կատարում Երևան քաղաքում` քաղաքի մասին պատմելով 6 լեզուներով:

«Այս ամենից բացի ակտիվ զբաղվում ենք մարկետինգային խնդիրներով, Երևանը ներկայացնում ենք այլ հարթակներում: Ի դեպ, այս տարվանից պետք է մեկնարկեն այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են Երևանի 2800-ամյակին: 2018 թվականին սպասվելու է զբոսաշրային մեծ հոսք: Արդեն իսկ սկսվում են որոշ նախաձեռնություններ՝ ուղղված զբոսաշրջային, մշակութային միջոցառումներին»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Երևանի քաղաքապետարանը նաև ակտիվ աշխատանք է կատարում տուրիստական ընկերությունների հետ արդեն ավանդական դարձած երևանյան փառատոնները զբոսաշրջային փաթեթներում ներառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս