ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը զգուշացնում և պահանջում է
Հարգելի հայրենակիցներ,
ընդամենը հաշված օրեր անց Ազգային ժողովի ընտրություններն են, և ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես Հայաստան երկրի ապագայի համար մտահոգ կազմակերպություն և մեր անկախ պետության կայացման գործում զգալի ավանդ ներդրած ու հայրենասիրական հզոր ոգով տոգորված կառույց, չի կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, և ուզում ենք հայտարարել, որ Երևան քաղաքում և մարզերում ընտրապայքարն անցնում է ակնհայտ անարդար պայմաններում և իշխող կուսակցության կողմից պետական-իշխանական լծակներն օգտագործելու բազմաթիվ դեպքերով և աղաղակող փաստերով:
Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:
Որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել բոլոր ապօրինությունները և ստեղծել ազնիվ ընտրապայքարի և քարոզարշավի նպաստավոր պայմաններ:
ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևական քննարկումից հետո դեռևս փետրվարին եկել էր այն եզրակացության, որ միակ ուժը, որը կարող է եւ ունի միջազգային ճանաչում հզոր պետությունների կողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանր վիճակից և ունի մեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է, ուստի միաձայն որոշեց սատար կանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին և այսօր ուզում է հպարտորեն հայտարարել, որ ամենևին չի երկմտել և չի զղջացել իր կայացրած որոշումից:
Ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը վճռորոշ է լինելու մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով, ուստի կրկին դիմում և պահանջում ենք բոլոր քաղաքական ուժերից և հատկապես իշխանություններից` մինչև ընտրությունների օրը և բուն ընտրությունների օրը դրսևորել ծայրահեղ զսպվածություն և օրինահարգություն, բացառել կեղծիքները, անարդար ընտրապայքարի դրսևորումներն ու արյունահեղությունները:
ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ