«Ռոսիա 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ներդրումային գրավչության, էկոտուրիզմի, կրթության ու ավանդույթների մասին

Ռուսաստանի քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորությունը ռուս զբոսաշրջիկներին թույլ է տալիս բացահայտել Հայաստանն ուղեցույցի էջերից այն կողմ: Այս խոսքերով է ռուսական «Ռոսիա 24» ընկերության թղթակիցը սկսում է Հայաստանի մասին պատմող ռեպորտաժը, որի մեջ անդրադարձ է կատարում Հայաստանում գորգագործության, գինեգործության և այլ ոլորտների զարգացմանը:

Նկարագրելով Կասկադը՝ նա նշում է, որ այդ կառույցն ինչ-որ չափով հիշեցնում է հենց Հայաստանը: «Հայաստանի որդիները մի ժամանակ լքեցին երկիրը տարբեր պատճառներով, իսկ հիմա վերադառնում ու վերականգնում են այն»,- ասվում է ռեպորտաժում:

Առավել մանրամասն անդրադարձ է կատարվում գինեգործությանը՝ շեշտելով, որ «հնագույն գինու տեսակը՝ Արենին ժամանակակից Pinot Noir-ի նախնին էր»: Նշվում է նաև, որ խորհրդային շրջանում հայկական խաղողի արտադրությունը հիմնականում ուղղվում էր կոնյակի արտադրությանը, իսկ հիմա գինեգործությունը վերածնվում է, որի արտադրության արդյունքը տարածվում է ողջ աշխարհով:

«Ծիրանի այգիներ, գինու խաղողի այգիներ, համտեսներ. այս ամենն ինչպես հիմա ընդունված է ասել էկոտուրիզմի մաս է, որի զարգացման վրա Հայաստանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում»,- նշում է ռուս լրագրողը:

Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում կրթության ոլորտում նորարարություններին, մասնավորապես ներկայացվում է Դիլիջանի դպրոցի ու Թումոյի փորձը: «Հայաստանում միշտ ձգտել են լավ կրթություն տալ, սակայն հիմա խնդիր է դրված երկրի կրթությունը նոր որակական մակարդակի բարձրացնել»,- նշում է «Ռոսիա 24»-ի թղթակիցը: Նա նաև ընդգծում է, որ բոլոր ներդրումների հիմնական հեղինակները փոքր ձեռնարկատերերն են, սակայն պետության աջակցությունը ևս կարևոր է:

«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հետաքրքրությունը մեծ է հենց ռուս գործարարների կողմից, ովքեր արդեն հնարավորություն կունենան Հայաստան այցելել ներքին անձնագրերով»,- իր հերթին ամփոփել է ռուսական հեռուստաընկերության թղթակիցը:

Տեսանյութեր

Լրահոս