
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 24-ին ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին:
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություններն ու ծայրահեղական դրսևորումները, որոնք չունեն որևէ արդարացում և մարտահրավեր են՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Վստահ ենք, որ Մեծ Բրիտանիայի բարեսեր իշխանությունները կարող պիտի լինեն կանխարգելելու նմանօրինակ ոճրագործությունները՝ ապահովելով աստվածասեր Ձեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքը։
․․․Թող Երկնավոր Տերը պահապան լինի Մեծ Բրիտանիային և զորակից լինի Ձեզ և բարեպաշտ Ձեր ժողովրդին»,-ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցական նամակում։