Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական
Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել.
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:
Կոնգրեսականի խոսքով, նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել.
«Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչոր պատճառով փոխել էր դիրքորոշումը»:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշեց, որ այսօր Մեծ եղեռնը հայտնի եւ ճանաչված է աշխարհում ավելի քան երբեւէ.
«Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:
Կոնգրեսականը հիշեցրեց նաեւ, որ հայամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետեւելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ եւ դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում.
«Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ
մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություններ, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»: