«Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի». Կարեն Կարապետյան
Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի: Այս մասին Եղվարդում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան՝ ուսանողներից մեկի հարցին ի պատասխան:
«Լինի դա Երևանում, թե մարզերում, գյուղական համայնքներում, կրթությունը պետք է որակապես բարձրացնենք: Հայտնի է, որ նույն գյուղական համայնքներից դուրս են եկել բազմաթիվ խելացի և այժմ հաջողությունների հասած մարդիկ, ուստի մեծապես կարևորում ենք կրթության որակի ապահովումը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է դպրոցներում ներդնել բնագիտական, ռոբոտատեխնիկայի, բիզնես կրթության նոր առարկաներ, որոնք թույլ կտան աշակերտներին առնչվել ժամանակակից գիտության ձեռքբերումներին:
Խոսելով համալսարաններում ուսման վարձերի բարձր լինելու մասին՝ վարչապետն ասաց, որ այս պահին պետությունը սահմանել է տարբեր թիրախային խմբեր, որոնց թվում են գերազանց սովորող ուսանողները, անապահով ընտանիքների ուսանողները և այլն, որոնց ուսման վարձը փոխհատուցվում է:
«Մենք այժմ դա էլ իրականացնում ենք ըստ մեր ունեցած միջոցների և որպեսզի այդ խմբերն ընդլայնենք, պետք է պարզապես հարստանանք: Մենք այժմ պատրաստ ենք տքնաջան աշխատել, որպեսզի հասնենք մեր նպատակների իրականացմանը, և այս առումով ներկայացրել ենք իրատեսական ու հավակնոտ ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, նա նկատեց, որ ներկայում կան բազմաթիվ ապահովված ընտանիքներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները սովորեն անվճար: «Մենք պետք է ներդնենք այնպիսի մշակույթ, որպեսզի բոլորս մտածենք, որ այդ անվճար տեղում կարող է ուսում ստանալ այլ երեխա, ով կլինի անապահով ընտանիքից»,- նշեց Կարեն Կարապետյանը: