«Հայաստանում կան դեղամիջոցներ, որ հիվանդությունից ավելի վտանգավոր են». Արթուր Բաղդասարյան

«Ես անպայման ուզում եմ, որ Գարսևան Սաղաթելյանը լինի ԱԺ-ում, եթե ես իր համար այդքանն անում եմ, ապա դուք պարտավոր եք այնպես անել, որ նա ընտրվի»,- այսօր վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը՝ նկատելով, որ Վարդենիսում առաջադրած իրենց թեկնածուն կիրթ է, գրագետ և նշված վայրում միակն է, որ կա համամասնական ցուցակի առաջին տասնյակում։

Բաղդասարյանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը, խոսեց իրենց հեղինակած օրենքների մասին. «Լինելով փոքրաթիվ խմբակցություն՝ մենք 200 օրենքի հեղինակ են։ Մեր ժողովուրդը պետք է այս պատասխանատվությունը գիտակցի։ Մեր հաղթանակը Վարդենիսում բերելու է գործազրկության կտրուկ նվազման, քանի որ առաջարկում ենք անցում պրոֆեսիոնալ բանակին։ Հայ-թուրքական սահմանին 100%-ով պրոֆեսիոնալ զինվորներ են, մարդիկ ծանոթ են ման գալիս, որ այդտեղ անցնեն աշխատանքի»։

Նա Վարդենիսում էլ կրկնեց, որ իր բոլոր խոսքերը, իրենց ներկայացրած ծրագիրը մյուս ուժերը սկսել են ընդօրինակել։ «Հիմա գնացեք՝ հաշվեք էն փողերը, որ ձեզ առաջարկում են, հետո ինչքան եք տուժելու։ Եթե անգամ փող եք վերցնում, քվեարկեք ձեր ուզած ուժի օգտին։ Հայաստանում կան դեղամիջոցներ, որ հիվանդությունից ավելի վտանգավոր են։ Դրա համար հորդորում եմ՝ լավ մտածեք, այն մարդն էլ, որ փող է վերցրել, թող իր խղճով քվեարկի, որ ապրիլի 3-ին նորից չասենք՝ էս երկիրը երկիր չի, ո՞ւր են մեր դեպուտատները»։

Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերում եղել է, բայց նման ելույթ չի ունեցել, քանի որ Վարդենիսի իրենց թեկնածուն, ըստ Բաղդասարյանի՝ միանգամայն արժանի է հաղթանակի։ Բաղդասարյանի այս խոսքերին դահլիճն էլ ավելի բուռն արձագանքեց։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս