«Մարդիկ, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության օգտին, մեզ փողոցներում բռնում, թափ են տալիս, ասում են՝ մի բան փոխեք». Նիկոլ Փաշինյան

«Այս ընտրություններում մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, այս երեխաներին ու նրանց ապագան չքաշեք»,- երեկ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակով ԱԺ ընտրություներում առաջադրված Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրություններում առկա է մի երևույթ՝ ուր գնում են, մարդիկ իրենց լավ են ընդունում, դրական, բայց… «Երբ ասում ենք՝ ելք կա, հրաժեշտ տալիս մարդիկ ասում են՝ Աստված տա։ Այստեղ մի խնդիր է ծագում, ա՛յ ձեր ցավը տանեմ, Աստված ի՞նչ կապ ունի։ Երեք օր է՝ մտածում եմ՝ ինչպե՞ս պայքարել այս ֆենոմենի դեմ, որ մարդ չասի՝ Աստված կա՝ այն առումով, որ դա իր անելիքն է, Աստված ի՞նչ կապ ունի։ Այսպիսի մի լուծում եմ գտել անեկդոտի միջոցով։ Հարսանիք է, բոլորը խմում են, քեֆ են անում, գալիս է քավորի կենացի հերթը։ Քավորի կենացի վրա մեկը վեր է կենում, ասում՝ քավորը մարդ չի։

Բոլորը սառում են, արդեն հավաքվում են, որ պիտի մի բան անեն նրան, ասում է՝ նա Աստված է։ Ժողովո՛ւրդ ջան, ՀՀ քաղաքացինե՛ր, ապրիլի 2-ի ընտրություններում դուք սովորական մարդ չեք, դուք ընտրությունների Աստվածն եք։ Աստծո վրա մի՛ գցեք, որովհետև հենց մտաք ընտրական տեղամաս, վերցրիք քվեաթերթիկները, մտաք քվեախուց, երկու րոպեում դառնում եք Տեր Աստված՝ ընտրությունների Աստվածը, և այդ երկու րոպեների ընթացքում դուք իսկապես անելու եք այն գործառույթը, որ Աստված է անում. Աստված կանխորոշում է մեր բոլորի, երկիր մոլորակի, մարդկության ճակատագիրը։

Դուք այդ ընտրություններում կանխորոշելու եք ՀՀ ապագա հինգ տարիների ճակատագիրը, որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, և դուք Աստված եք, մտածեք, թե ինչպես եք օգտագործում ձեր աստվածային ուժը։ Եթե ձեր աստվածային ուժով որոշեք, որ Հայաստանն ավելի է խորանալու այս փոսի, հուսահատության մեջ, ուրեմն այդպես էլ կլինի։ Եթե ձեր աստվածային ուժով որոշեք, որ Հայաստանն իրոք ազատ և երջանիկ երկիր է լինելու, երկիր, ուր ապրում են, և ոչ թե երկիր, որտեղից փախչում են, ուրեմն Հայաստանը կլինի այդպիսին։ Դուք ունեք այդ հնարավորությունը՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով՝ որոշել, որ ՀՀ-ն հզոր, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է լինելու։ Մենք ասում ենք՝ հուսահատության այս փոսից ելք կա, և այդ ելքը ձեր ձեռքում է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե մարդիկ կարծում են, թե իրենց թիմի օգտին քվեարկելով՝ լավություն են անում իրենց, թող իրենց չընտրեն։ «Եթե մտածում եք, թե մեզ քվե տալով՝ լավություն եք անում, մեզ հանկարծ քվե չտաք։ Գնացեք, Սերժ Սարգսյանին լավություն արեք։ Մեր օգտին քվեարկեք միայն այն պարագայում, երբ մտածում եք, որ մեր օգտին քվեարկելով՝ ձեզ, մեր ժողովրդին, երկրին եք լավություն անում։ Երբ այսպես ասում եմ, շատերը նայում են, ու զգում եմ, որ մտածում են՝ սա մեզ որտե՞ղ է ուզում գցել։ Մոտավորապես այսպիսի ռեակցիա է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 5 տարի է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է, և այդ ընթացքում իր ոչ մի ազգականի աշխատանքի չի ընդունել, որևէ մեկի համար չի միջնորդել, որ նա աշխատանք, բիզնես ունենա, եղել է ամենավատ պատգամավորն իր ազգականների, ընկերների համար, ինչն արել է գիտակցաբար:

«Ես մտածել եմ, որ պատգամավոր չեմ դարձել, որ ծառայեմ իմ ազգուտակին և ընկերներին։ Պատգամավոր եմ դարձել, որ ծառայեմ իմ ժողովրդին, ազգին, պետությանը, ու ես անմնացորդ եմ ծառայել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ամենն ասում է ոչ թե գլուխ գովելու, այլ ցույց տալու համար իրենց պատկերացումն իշխանության մասին։

«Մենք մեր իշխանությունը չենք օգտագործել դղյակներ կառուցելու, հարստություն դիզելու համար։ Մենք ասում ենք՝ մենք նույնը չենք, մեզ չհամեմատեք ուրիշների հետ։ Այո՛, սա նոր ուժ է՝ նոր գաղափարներով, նոր մտածելակերպով, և սա նոր հնարավորություն է մեր ժողովրդի համար, և ժողովուրդը պետք է օգտագործի այդ հնարավորությունը։ Ժողովուրդը թող որոշի՝ ուզո՞ւմ է օգտագործել այդ հնարավորությունը, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ սիրելի՛ ժողովուրդ, դուք ողորմության արժանի չեք, դուք քաղաքականության, պետականության, բարեկեցության, արժանապատվության, պատվի արժանի ժողովուրդ եք։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ՝ ինչ անվան տակ էլ ներկայանա, մտածում է, թե 20-30 հազար դրամով կարող է գնել և վաճառել ՀՀ քաղաքացի, թշնամի է ՀՀ-ին։

Մերժեք բոլոր այն ուժերին, որ ընտրությունների ժամանակ փող են խաղացնում, որովհետև նրանք եկել են ձեզ թալանելու։ Պատգամավորի 5 տարվա աշխատավարձը մոտավորապես 70 հազար դոլար է։ Կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ են պատգամավորության թեկնածուները 2, 3, 4 մլն դոլար ծախսում, որ 70 հազար դոլարանոց աշխատավարձով աշխատանքի գնան։

Մի՞թե պարզ չէ։ Շատ պարզ է։ Եվ ուրեմն շատ ճիշտ նշեց իմ գործընկերը՝ ի՞նչ կապ ունի պատգամավորությունը բարեգործության հետ։ Մայր Թերեզան, որ աշխարհի ամենահայտնի բարեգործն է, կյանքում որևէ երկրում ոչ պատգամավորի թեկնածու է եղել, ոչ էլ՝ պատգամավոր։ Բոլոր բարեգործներին կոչ ենք անում գնալ Մայր Թերեզայի ճանապարհով։ Վերջում եկեղեցին գուցե թե նրանց սուրբ էլ հռչակի, իսկ պատգամավորական մանդատով հաստատ սուրբ չեն հռչակվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելուն՝ Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ովքեր են այն քաղաքացիները, որ քվարկում են իշխող կուսակցության օգտին. «Հետո այդ մարդիկ, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության օգտին, մեզ փողոցներում բռնում, թափ են տալիս, ասում են՝ մի բան փոխեք։ Մենք ասում ենք՝ պատրաստ ենք փոխել, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է ձեր թույլտվությունը և լիազորությունը, որովհետև ՀՀ սեփականատերը ժողովուրդն է, և սեփականատերը պետք է որոշի, թե ինչպիսի երկիր է ցանկանում ունենալ։

Դուք որոշեք՝ եթե ցանկանում եք ունենալ այն երկիրը, որ այսօր ունենք, ուրեմն գնացեք և քվեարկեք Սերժ Սարգսյանի, բարեգործների, չարագործների, բոլորի օգտին, բայց մեր օգտին մի քվեարկեք։

Բայց եթե ուզում եք ուրիշ երկիր ունենալ՝ հզոր, արժանապատիվ, երջանիկ ու ազատ, քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին։ Առաջիկա ընտրություններում, ժողովո՛ւրդ ջան, հույս ենք դնում ձեզ վրա և ասում ենք ՝ ձեր քվեարկությամբ հույս դրեք մեզ վրա, որ այս երկիրն իրար հետ՝ ուս ուսի տված, կհանենք այս փոսից՝ մեր կենսագրությամբ, արժեքներով, հպարտությամբ, ժողովրդով, ազգով։ Մենք հույս ենք դնում ձեզ վրա։

Սա մինչև հիմա հումորով եմ ասել, հիմա ասում եմ ամենայն լրջությամբ՝ կոչ եմ անում՝ այս ընտրություններում մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, այս երեխաներին ու նրանց ապագան չքաշեք, որովհետև այս ընտրություններում դուք Աստված եք, պահեք ձեզ Աստծո նման, Աստծո վեհությամբ, իմաստությամբ, որովհետև Աստված ձեզ ազատություն է տվել, այս ընտրություններում 2 րոպեով Աստված լինելու հնարավորություն։ Եվ ուրեմն, սիրելի՛ ժողովուրդ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջին գրված է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Եվ չհուսահատվեք, ժողովո՛ւրդ ջան, որովհետև ելք կա»։

Տեսանյութեր

Լրահոս