ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն
Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով:
Մինչ օրենքով սահմանված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ նույն թթվածնային կայանում սույն թվականի մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների՝ պարտականությունների կատարումը դադարեցվում է:
Հիշեցնենք, որ Մարտի 24-ին, ժամը 08:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ փլուզումով, ինչի հետևանքով ներսում գտնվող աշխատակիցը հայտնվել էր փլատակներում:
Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը: