«ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքեր չկան». Դավիթ Հարությունյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին
Ինչպես հայտնի է, երեկ Sut.am կայքը հրապարակել էր ձայնագրությունները, որոնք ըստ կայքի՝ փաստում են, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում: Այդ ձայնագրություններում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն են պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով վերոնշյալ հրապարակմանը՝ նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահումը կամ սխալ օգտագործումն անթույլատրելի երևույթ է: Նրա խոսքով՝ օրենսդրորեն դա արգելված է հանրային ծառայողների համար, սակայն էթիկայի կանոնները թույլ չեն տալիս դա անել նաև ոչ հանրային ծառայողներին: Նա նկատեց, որ տվյալ դեպում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, այլ՝ ուսումնական հասատատությունների տնօրենների:
«Հիմա ես ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ամենավտանգավոր բանն այն է, երբ ստեղծվում է պատրանք լայնածավալ խախտումների, երբ իրականում նման դեպքերում պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի: Ես երեկ մի քանի հատն եմ հասցրել լսել, կայքը շատ ծանրաբեռնված էր և ինչ-որ մի պահից դադարեց արձագանքել: Ես մի քանի հատը ստուգեցի, որոնցից մեկում ես որոշակի խնդիր տեսա, իսկ երկուսում՝ ոչ մի խնդիր չտեսա: Այն մեկում, որում ես որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես ակնհայտորեն կարող եմ պնդել, որ առկա է ընտրախախտում կամ ընտրական օրենսդրության խախտում, կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև իրականում յուրաքանչյուր դետալ չիմանամ»,- նշեց Դ. Հարությունյանը:
Լրագրողի հարցին՝ ուսումնասիրելուց հետո ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ 114 ձայնագրություն է ներկայացվել ու մեծամասամբ անուններ են նշվում, որոնք բոլորն էլ ՀՀԿ-ից են՝ Միհրան Պողոսյան, Սամվել Ալեքսանյան, Վահրամ Բաղդասարյան՝ Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ձեր հարցում երեք կոպիտ սխալ կա, և դրա համար ես հիմա սխալների ուղմամբ չզբաղվեմ»: Դ. Հարությունյանն ասաց, որ ինքը սխալներ պարունակող հարցին չի պատասխանի:
Հարցին, թե այս պահին հիմքեր կա՞ն ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու համար, նա պատասխանեց. «ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքեր չկան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: