«Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այդ տնօրենների թվում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

«Ես չէի ուզենա, որ լավ վարչապետ լինելու համար բոլոր տվյալներն ունեցող Կարեն Կարապետյանն այսպես խրվեր նախընտրական քարոզարշավի մեջ եւ զբաղվեր մի կասկածելի գործով, որը որեւէ կապ չունի մեր երկրի տնտեսության եւ վարչապետի բուն պարտականությունների հետ։ Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այն տնօրենների թվում, որոնց sut.am-ը գաղտնի խոսեցրել է ու ձայնագրել՝ բացահայտելով, որ նրանք վերջին օրերին զբաղվել են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմելու ամոթալի գործով։

Ես չէի ուզենա, որ մեր գյուղի Վարդուշ տատիկը արցունքն աչքերին կանգներ «Ծառուկյան դաշինքի» հանրահավաքում, իսկ վերջում Ծառուկյանի ձեռքերը համբուրեր ու փողի իր խնդրագիրը խցկեր Ծառուկյանի թիկնապահի ձեռքը։

Ես չէի ուզենա, որ Սամվել Բաբայանը հայտնվեր բանտում՝ զենք-զինամթերք ներկրելու մեղադրանքով, եւ չէի ուզենա, որ մեր երկրում որեւէ մեկի մտքով անցներ, որ իշխանափոխության միակ ճանապարհը զինվելն է։ Ես չէի ուզենա ապրիլի 3-ին արթնանալ նախորդ ընտրություններին հաջորդած օրերի ծանր զգացողությամբ՝ երբ չես ուզում ապրել մի երկրում, որը քո հայրենիքն է, եւ որտեղից դու հեռանալու մտադրություն չունես, բայց ելքն էլ չես տեսնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս