Րաֆֆի Հովհաննիսյանը` Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցության մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
– Պարոն Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյանի հեռանալը «Ժառանգությունից» եւ նոր կուսակցության հիմնումը «Ժառանգության» եւ նրա ձեւավորած դաշինքի էլեկտորատի վրա կազդի՞, թե՞ ոչ։
– Նախ, եթե պետք լինի, ապրիլի 3-ից հետո ես կպատասխանեմ այդ հարցին, կարիք չկա հիմա շատ խորանալ։ «Ժառանգությունը», գիտե՞ք, էլեկտորատի կամ տոկոսների հետեւից չի ընկնում, մենք ազատ քաղաքացիների դպրոց ենք եւ շատ հպարտ ենք մեր նոր ծիլերով, մեր միջին եւ երիտասարդ սերունդներով։
Մեր արմատները շատ զորեղ են։ Երբ որ տարբեր ժամանակներում մարդիկ որոշեն թե՛ միջանձնային հարաբերությունների պատճառով, թե՛ շատ պրակտիկ պատճառներով՝ պատգամավոր դառնալու համար, թե ինչ-որ այլ պատճառով նոր նախաձեռնություն ստեղծելու նպատակով հեռանալ, առանձնանալ, ցավում ենք, բայց համարում ենք դա շատ բնականոն, որովհետեւ նրանք ավարտել են «Ժառանգության» դպրոցը, մեր դպրոցը։ Ես բարին եմ մաղթում բոլոր նրանց, որ իրենք կարողանան ծառայել նաեւ մեր պետությանը եւ մեր քաղաքացիներին, ինչպես արել են անցյալում։
Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այն մնում է ուժեղ, ազատ քաղաքացիների դպրոց, եւ դուք մեր մեթոդաբանության մեջ չեք տեսնի ոչ մի փոփոխություն։
– Համագործակցության հավանականություն տեսնո՞ւմ եք իր հետ ապագայում։
– Եթե բոլորը մնում են հավատարիմ «Ժառանգության» բուն սկզբունքներին, այո։
– Բայց Փոստանջյանն ասում էր, որ հենց «Ժառանգությունը» չի մնացել հավատարիմ իր սկզբունքներին։
– Ես չեմ պատասխանի իր ասածներին, ես իմ ասածն եմ ասում, որ ցավում եմ, որ ինքը լքեց։ Ինքը կարող է ներկայացնել իր պատճառները՝ ինչպես ինքն ուզում է, եթե հարկ լինի, ապրիլի 3-ին ես կարող եմ ավելին խոսել, բայց ներկա դրությամբ եւ ընդմիշտ ես հպարտ եմ իր գործունեությամբ, ինքը հրաշալի քաղաքացի է, լավ մայր, եւ հույս ունեմ, որ ինքը կշարունակի իր քաղաքացիական, քաղաքական գործունեությունը, ինչպես որ եղել է։
Ինքը եղել է Մարտի 1-ին հենց ճակատում Անահիտի եւ Արմենի հետ, ով կանգնել է քաղաքացու եւ ոստիկանի միջեւ եւ հայ մարդու կյանք է փրկել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: