«ԵՄ-ն ու Հայաստանը միակն են, որ համաձայնեցրել են գործընկերության նման համաձայնագիր»

Հարցազրույց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Մայքլ Քամբեքի հետ

– Պարոն Քամբեք, օրերս Հայաստանն ու Եվրոպական միությունը նախաստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը։ Թվում էր, թե համաձայնագիրն ընտրությունների շեմին չի նախաստորագրվի, քանի որ նման հավաստիացումներ էին հնչում։ Չկա՞ն արդյոք մտավախություններ, որ ՀՀ-ԵՄ այս քայլը կդիտարկվի՝ որպես աջակցություն իշխող ուժին գալիք ընտրություններում։

– Սա ԵՄ դեսպանին ուղղվելիք հարց է։ Սակայն եկեք մեկ բան հստակեցնենք, որ ընտրողները կարող են գնահատել այն փաստը, որ ՀՀ իշխանությունը վարում է կոմպլեմենտար լավ հարաբերություններ երկու կողմերի հետ, որոնք ներկայումս բարդ հարաբերությունների մեջ են, մի կողմից՝ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու առաջատար ուժը ԵԱՏՄ-ում, որի անդամն է Հայաստանը, և մյուս կողմից՝ ԵՄ-ն՝ աշխարհի ամենահզոր տնտեսական բլոկն ու խաղաղության և բարգավաճման համար անհրաժեշտ իրավական և ժողովրդավարական համակարգի աղբյուրը։

Ինչպես էլ ընտրողները գուցե քննադատեն ներկայիս իշխանություններին, նախագահին ու նրա նախարարներին հաջողվել է բարձր պահել այս չափազանց դժվարին կոմպլեմենտար հավասարակշռությունը՝ դրանով իսկ բացառելով մի շարք մռայլ խնդիրներ Հայաստանի համար, ապահովելով բազում առավելություններ Հայաստանի ապագայի համար։ Ես կնախընտրեի, որպեսզի քվեարկողներն այսպիսի առանցքային քաղաքական հարցերն ընկալեին՝ որպես իրենց որոշումների կայացման հիմք, և ոչ թե՝ որպես նվեր ինչ-որ թեկնածուի կողմից։

– Երեք տարի առաջ բանակցված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պետք է նախաստորագրվեր Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ հատուկ արարողակարգով։ Հաշվի առնելով այս անգամ արարողակարգի և նշանակալի միջոցառման բացակայությունը՝ տպավորություն է ստեղծվում, որ այս փաստաթուղթն այնքան էլ կարևոր և էական չէ, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր։ Ինչպե՞ս եք բացատրում այս հանկարծակի որոշումը՝ համաձայնագիրը ստորագրել ներկայումս նման ձևաչափով։

– ԵՄ-ի պատմության մեջ շատ են եղել կարևոր որոշումներ, որոնք սկզբնական փուլում մեծապես աչքի չեն ընկել, և որոնց մեկնարկը տրվել է առանց հանրային մեծ աղմուկի։ Նման համաձայնագրերի հավաստիությունը բացահայտվում է տարիներ անց, քանի որ դրա իրականացման գործընթացն է հաշվի առնվում։

Վիլնյուսում ԵՄ-ն ցանկանում էր մեծ, նկատելի մեկնարկային ազդանշան տալ, որը, ենթադրվում էր, որ պետք է գրավեր միջազգային ներդրողների ուշադրությունը և միևնույն ժամանակ՝ աջակցեր Ասոցացման համաձայնագրին վերաբերող քաղաքական բարեփոխումների արագ իրականացմանը։ Ինչ-ինչ պատճառներով, որոնք այսօր ավելի լավ ենք հասկանում, դա լավ գաղափար չէր։ Այնուամենայնիվ, ներկայումս ԵՄ-ն ու Հայաստանը միակն են, որոնք համաձայնեցրել են գործընկերության նման համաձայնագիր, ուստի սրա նախաստորագրումը գագաթաժողովին տեղի ունենալիք միջոցառում չէր։

Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն ազդարարել էին սա, իսկ ներկայումս՝ նաև Երևանում նախաստորագրմամբ։ Ենթադրում եմ, որ կլինի շատ ավելի պաշտոնական արարողություն աշնանը սպասվող ԵՄ գագաթաժողովի ժամանակ վերջնական ստորագրման համար։ Մինչ դա երկու կողմերի իրավական ծառայությունները հարյուրավոր էջեր են աչքի անցկացնում, այդ թվում՝ ստուգելով ԵՄ անդամ երկրների բոլոր պաշտոնական լեզուներով այդ տեքստի թարգմանությունները։

– Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա գաղտնիք չէ, որ շրջանակային համաձայնագիրը տարբեր է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա այս համաձայնագիրը Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտներին՝ հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը։

– ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կամավոր համաձայնություն է երկու կողմերի միջև։ Սա նշանակում է, որ այն ավելի լայն համագործակցության համար էլ ավելի շատ դռներ է բացում՝ ի օգուտ երկու կողմերի, թերևս, ավելի շատ փոքր երկիր Հայաստանի համար, քան մեծ ԵՄ-ի։

Մենք ընդգծել ենք մեր հաղորդագրությունում բոլոր ոլորտները՝ քաղաքական և իրավական հարցեր. արտաքին քաղաքականության ասպարեզում համատեղ նպատակների իրագործմանն ուղղված քայլեր, ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն, ոլորտային համագործակցություն տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, զբոսաշրջությունը, ներդրումները, հետազոտությունը, և այլն, ու առևտրային և ներդրումային քաղաքականություն, շեշտադրում կատարելով առևտրի ոլորտում մի շարք տեխնիկական խոչընդոտների վերացման վրա, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների համատեղումն առևտրի ոլորտում:

Բայց, ինչպես ցանկացած բաց դռան դեպքում, հարց է առաջանում, թե որքա՞ն մարդիկ կքայլեն և ե՞րբ։ Քանի որ երկու կողմերը ցուցաբերել են ամուր քաղաքական կամք այս համաձայնագրին հասնելու հարցում, և քանի որ այս համագործակցությունից առավելությունները բավականին շոշափելի են, բոլոր նրանք, ովքեր Հայաստանի լավն են ցանկանում, պետք է օգտագործեն այս նոր հնարավորություններն ակտիվորեն։

– Հայտնի է, որ ԵՄ-ն ու ԵՏՄ-ն տարբեր արժեհամակարգերի վրա կառուցված միություններ են։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս և որքանո՞վ Հայաստանը կկարողանա սրանք համատեղել, քանի որ ընդհանուր առմամբ գիտենք, որ նոր փաստաթուղթը Հայաստանից մի շարք ոլորտներում բարեփոխումներ է պահանջում։

– Ձեր հարցը երկու ասպեկտ ունի՝ քաղաքական արժեքներ և առևտուր։ ՀՀ տարբեր իշխանություններ հետևողականորեն պնդում էին, թե Հայաստանը եվրոպական ընտանիքի մի մասն է։ Որևէ մեկը չէր ստիպում նրանց նման հայտարարություններով հանդես գալ։ Հայաստանը Եվրոպայի հետ երկարատև կապեր ունի, հետադարձ հայացք նետելով Տիգրան Մեծի ժամանակաշրջանի առևտրականներին, ավելի ուշ՝ Կիլիկիան Թագավորության, բայց, իհարկե, նաև ժամանակակից իրավիճակը՝ հսկայական Սփյուռքը ցրված է ողջ Եվրոպայով։

Սա կապում է ազատության քրիստոնեական արժեքները և բարեգործության շնորհը, ինչպես նաև ժողովրդավարության ավելի ժամանակակից արժեքները։ Իմ տեղեկություններով՝ այս արժեքները չեն հակասում ԵԱՏՄ համաձայնագրին։ Ինչ վերաբերում է առևտրին, ապա սա մաքսերի և տեխնիկական չափանիշերի հարց է։ Հայաստանյան բանակցողները լավատեղյակ են ԵԱՏՄ հանձնառություններին և չեն ստանձնել ԵՄ-ի հետ որևէ պարտավորություն, որը կհակասեր ԵԱՏՄ հանձնառություններին։ Այս հանձնառությունները գլխավորաբար ԵԱՏՄ Մաքսային միության շրջանակում են։

Բայց ոլորտային համագործակցության և տեխնիկական չափանիշերի նույնականացման տեսանկյունից կարելի է շատ բանի հասնել։ Որոշ դեպքերում Հայաստանի արտադրողներն ընտրություն կունենան արտադրել բացառապես Հայաստանի և ԵԱՏՄ շուկայի համար, կամ թիրախավորել ԵՄ և ԵԱՏՄ շուկաները միասին։ Ամենաբարդ դեպքում նրանք ստիպված կլինեն հավելյալ ճշգրտումներ իրականացնել, ապահովել հավելյալ սերտիֆիկատներ, բայց դա չի նշանակում, թե մեկ արտադրանքը կարող է հարմար լինել կամ մեկ, կամ մյուս շուկային։ Երկու շուկաների համար արտադրելը, բնականաբար, չափազանց գրավիչ է ներդրողների համար, որովհետև որքան լայն է թիրախային շուկան, այնքան ավելի վստահելի է պահանջարկը։

– Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ ՄԱԿ ԶԾ-ի, ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն դրականորեն արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթը հովանավորելու՝ ՀՀ իշխանությունների խնդրանքին։ ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմում է մոտավորապես 7 միլիոն եվրո։ Սակայն Հայաստանում մի շարք փորձագետներ պնդում են, որ կրկին ընտրակեղծիքներ են տեղի ունենալու։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշում է, որ լավ, թափանցիկ ընտրությունները նոր դուռ կբացեն ՀՀ-ԵՄ համագործակցության համար։ Ի՞նչ պետք է ակնկալել ՀՀ-ԵՄ հարաբերություններից, եթե դիտորդներն ընտրախախտումներ արձանագրեն։

– Հարցն այնքան էլ այն չէ՝ կլինի՞ ընտրախախտում, թե՞ ոչ, այլ այն է, թե ինչ մասշտաբով։ Ներկայումս ներդրված փաթեթը լայնածավալ ընտրախախտումների իրականացումը շատ ավելի բարդ կդարձնի։ Ոչ մեկն այնքան միամիտ չէ, որ ենթադրի, թե սա արմատախիլ կանի բոլոր խախտումները կամ հակաժողովրդավարական ազդեցության բոլոր փորձերը, այդ թվում՝ նվիրաբերումները կամ իշխանամետ, ընդդիմադիր ԶԼՄ-ների կիրառումը։ Բայց այսօր ընտրողները մեծապես ընտրության հնարավորություն ունեն։ Նրանք կարող են վերցնել նվերը, կարևոր չէ, թե այն իշխանական կամ ընդդիմադիր թեկնածուի կողմից է, բայց քվեարկել մեկ ուրիշի օգտին։

Նրանք կարող են դիտել հեռուստացույց, ինչպես միշտ, բայց կարող են նաև տեղեկատվություն փնտրել համացանցում՝ միևնույն ժամանակ՝ հասկանալով, որ ոչ բոլոր լուրերն են համացանցում վստահելի։ Նոր միջոցների և նոր ընտրական համակարգի պայմաններում թվում է, որ մարդկանց ընտրությունը կգերակշռի, և սա այն է, ինչի վրա ԵՄ-ն ներկայումս ցանկանում է կենտրոնանալ։ «Ավելին՝ ավելիի դիմաց, կամ քիչը՝ քչի դիմաց» ԵՄ-ի սկզբունքը դեռ գործում է շատ հարցերում, սկսած ֆինանսական աջակցությունից՝ մինչև վիզային ազատականացում։

Տեսանյութեր

Լրահոս