Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի վարչապետից պահել խոստումը
Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չնայած Թուրքիայի
վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն այդ թույլտվությունը մինչ օրս չկա:
«Ցավոք, բացարձակապես անհասկանալի կերպով հնարավոր չի եղել հանդիպել նրա հետ: Ակնկալում ենք, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը պահի Անգելա Մերկելին տրված խոստումը »,-ասել է խոսնակը:
Ավելի վաղ Գերմանիայի նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերը Բունդեսթագում ելույթի ժամանակ պահանջել էր Թուրքիայից ազատ արձակել Դենիզ Յուջելին:
Խնդրի առնչությամբ խոսել էր նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը` ասելով.
«Արդեն չենք կարողանալու վստահել թուրք վարչապետի խոսքերին, այս ամենը հիասթափություն է առաջացրել»:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: