Ջրառատում տեղի ունեցած միջադեպից տուժածները հարցաքննվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Հիշեցնենք՝ դեպքից կարճ ժամանակ անց կողմերը՝ ՕՐՕ դաշինքի համակիրներն ու ՀՀԿ-ական գյուղապետը, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հաշտվել են: Բայց, այնուամենայնիվ, բաց է մնում մի հարց՝ այդ միջադեպի արդյունքում իշխանության ներկայացուցիչները ինքնաձիգից հրազենային վնասվածք էին հասցրել ՕՐՕ դաշինքի համակիրներից Հակոբ Մելքոնյանին:
Վերջինիս հայրը՝ Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»: Միաժամանակ նա նշել է, թե ՔԿ-ում էլ ցուցմունք են տվել, որ իրենք հաշտվել են ու բողոք չունեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։