«Արժեհամակարգը պետք է կայացնել հենց Հայաստանում». Մհեր Շահգելդյան

«Կարելի է լինել ԵՏՄ անդամ  և օգտվել այլ տնտեսական արտոնյալ համակարգերից»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված,  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված   «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական  հանդիպման ընթացքում, որը կրում է «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» խորագիրը, այս մասին ասաց  «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը՝ անդրադառնալով կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշմանը։

Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՀ արտաքին  քաղաքականությունը բալանսավորման խնդիր ունի։ Այն քայլերը, որոնք կատարվում են, նրա խոսքով, պետք է  լինեն հայանպաստ։ «Մենք կողմնակից ենք եղել ԵՏՄ անդամագրմանը, գտել ենք, որ սա և՛ անվտանգության, և՛ էներգետիկ անվտանգության,  և՛ հայկական հսկայական սփյուռքի, և՛ արտահանման հիմնական ծավալների առնչությամբ կարևոր է։ Բազմիցս ասել ենք նաև, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի քաղաքական համակարգի արդիակացումը,  ժողովրդավարացումը, արդարադատության համակարգի արդիականացումը, քաղաքական համակարգի,  ժողովրդավարական ինստիտուտների և այլ ինստիտուտների կայացումն անհրաժեշտ է դարձնում ԵՄ-ի հետ համագործակցությունը և  այն փաստաթղթի ստորագրումը, որը կա։ Ադրբեջանի առկայության պարագայում սա մեզ համար մրցակցային առաջնայնություն է  լինելու»,- նկատեց Շահգելդյանը։

Հայաստանը, նրա խոսքով, ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որը միացել է ԵՄ-ի  GSP+ համակարգին, որը հսկայական արտոնություններ է տրամադրում Հայաստանին։ Նրա գնահատմամբ՝ սա հնարավորություն էր Հայաստանի համար, և իրենց  գնահատականով՝ այս համակարգից հնարավոր չեղավ լիարժեք ձևով  օգտվել, իսկ սա Հայաստանի այդ կամրջի գաղափարի հնարավորություններից մեկն էր։

«Նախաստորագրված փաստաթուղթը պետք է ուղղված լինի անհրաժեշտ  արդիականացման գործընթացների կայացմանը։

Տնտեսական տեսանկյունից   ԵՏՄ-ի մեջ ենք, բայց սա չի խոչընդոտում այլ համակարգերից օգտվելու հարցում»,- ասաց Շահգելդյանը։ Հարցին, թե որքանով է հնարավոր համատեղել արժեքային  երկու տարբեր համակարգերը, բանախոսը պատասխանեց, որ Հայաստանը երկրի ներսում  պետք է  ձևավորի արժեքային համակարգը։

Նրա խոսքով՝ պարզապես փաստաթուղթ  ստորագրելով միանալ արժեհամակարգի՝ չի պատկերացնում։

«Արժեհամակարգ ձևավորվում է  քաղաքական զարգացման ընթացքում կոնկրետ երկրում։ Եթե կարողանում ենք անցկացնել նորմալ  ընտրություններ, դա արդեն մեր արժեհամակարգն  դառնում։ Դա պետք է ձևավորել հասարակության մեջ, կայացնել այս արժեհամակարգը, սա է  խնդիրը, ձևավորենք մեր մոտ արժեհամակարգը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս