ՀՀԿ-ն հետընտրական կոալիցիա կազմելու հարց չի քննարկել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացի ՀՅԴ-ից այլ քաղաքական ուժերի հետ հետընտրական զարգացումների հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկե՞լ է, թե՞ ոչ: «Ես չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքն արմատական ընդդիմադիր քաղաքական ուժ է: Եվ մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ հենց դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ, որոնց թիվը քիչ չէ, այդ դաշինքն ընդդիմադիր չեն համարում»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն միայն ընտրություններից հետո կորոշի հետընտրական կոալիցիա կազմելու հարցը: «Մենք ապրիլի 2-ի ընտրություններից հետո կֆիքսենք, թե որ ուժերն են իրավունք ստանալու Ազգային ժողովում խմբակցություն ունենալ, ինչպես նաև կտեսնենք, թե կա ուժ, որը կարող է միայնակ կազմել կառավարություն, դրանից հետո միայն կորոշենք: Իսկ կոալիցիաները ինքնանպատակ չեն լինում: Մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգում լինում են դե յուրե և դե ֆակտո կոալիցիաներ, որոնց հիմքը լինում է ընդհանուր ծրագրային և գաղափարական տեսլականը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն առանց ընդհանուր ծրագրային տեսլականի չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել: