«Սամվել Բաբայանն ընտրություններից առաջ և հետո դեռևս կալանքի մեջ կլինի»

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը վստահ է, որ քննիչները Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությամբ կդիմեն դատարան, Սամվել Բաբայանին կկալանավորեն՝ այդ ընթացքում Սամվել Բաբայանին հասարակությունից պարզապես մեկուսացնելու համար: Արա Պապյանի խոսքով՝ բավական անորոշություններ կան նրանում, ինչ մինչ այժմ հրապարակվել է:

«Եթե տեսականորեն ենթադրենք, որ Սամվել Բաբայանն է պատվիրատուն եղել (առայժմ, որքան հասկանում եմ, Սամվել Բաբայանի և այդ երկուսի միջև կապը նրանց խոստովանությունն է, մենք հասկանում ենք, չէ՞, որ մեր դատական համակարգում մարդիկ պատրաստ կլինեն խոստովանել ամեն ինչ կամ ասել ամեն ինչ), բայց տրամաբանությունը հուշում է, որ սթափ դատող որևէ մարդ «Իգլա» տիպի զենքը չէր վերցնի Վրաստանից, սահմանով անցկացներ և բռնվեր: Ի՞նչն է շատ Հայաստանում՝ զենքը: Տրամաբանորեն նույն Ղարաբաղում շատ ավելի հեշտ էր «Իգլա» ճարելը, քան Վրաստանում, և առանց սահմանի բերել Երևան: Մյուս կողմից՝ հասկանալի չէ դրա նպատակը: Եթե ակնկալվում է, որ դա ահաբեկչության համար պետք է օգտագործվեր, ակնարկ է գնում, ապա մենք գիտենք, որ դա էլ հնարավոր չէ, որովհետև արդեն մեկ տարուց ավելի է՝ նախագահի օդանավի պաշտպանության խնդիրն էլ են լուծում»,- ասաց Արա Պապյանը՝ կարծիք հայտնելով, որ, ի վերջո, այս մեղադրանքը «կցրվի», քանի որ հիմքեր չեն լինի:

«Բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ Սամվել Բաբայանն ընտրությունների ժամանակ, ընտրություններից առաջ և հետո դեռևս կալանքի մեջ կլինի, հետո բաց կթողնեն, բայց ամեն ինչ արդեն անցել-գնացել է, կասեն՝ հաջողություն, հարցը փակ է, չապացուցվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի ձերբակալությունը կբարձրացնի հետաքրքրությունն ՕՐՕ-ի նկատմամբ, Արա Պապայանը պատասխանեց, որ որոշակիորեն կբարձրացնի, բայց նաև պետք է ընդունել, որ սա ՕՐՕ-ի համար որոշակի խնդիրներ կառաջացնի այն առումով, որ տատանվողների մի մասը ետ կկանգնի նրանց օգտին քվեարկելուց, բայց փոխարենը՝ կլինի նաև մյուս դրսևորումը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս