««Հաց բերողն» օժտված է բոլոր նշաններով, որպեսզի սրբադասվի». Վահան Արծրունի
Այսօր Շահումյանի գերեզմանատանն ամփոփվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դին: 168.am-ը վերջին զարգացումների առնչությամբ լսել է արվեստագետներից մի քանիսի մտահոգությունները:
«Մենք պետք է հասկանանք, որ մտել ենք որոշակի պատմական մի շրջան, որտեղ մեր աչքի առաջ մարդասիրական գաղափարների և մարդկության բարոյականության հստակ ու աննախադեպ դրսևորում է տեղի ունեցել»,- ասում է երաժիշտ Վահան Արծրունին և հավելում,- Ես իմ ֆեյսբուքյան ստատուսներից մեկում գրել էի, որ «Հաց բերողն» օժտված է բոլոր նշաններով, որպեսզի սրբադասվի՝ և՛ իր վարքով, և՛ իր կյանքով, և՛ իր մարտիրոսությամբ, բառիս բուն իմաստով՝ մարտիրոսությամբ հանուն մարդկային սիրո, մադասիրության, հումանիզմի ամենաբարձր, նույնիսկ վերկրոնական գիտակցության:
Այս ամենը մենք պետք է հասկանանք՝ միաժամանակ հասկանալով, թե ի՞նչ նշան ունենք մենք մեր աչքի առաջ, երբ բոլոր իրողությունները մեր կյանքում այս ժամանակաշրջանում որոշակի հարաբերությունների մեջ են այդ նշանի հետ: Այլևս պետք է հարաբերվենք իրականությանն այդ նշանային իրադարձությամբ, որպեսզի հասկանանք, որ ծայրահեղ դրսևորումների մի շրջանի մեջ ենք հայտնվել, վերազգային, վերկրոնական, մարդասիրական իդեալի դրսևորումների բևեռում, երբ մի այլ կողմում մարդկային մեղքի դրսևորումների կույտն է:
Եկել է ժամանակը՝ ինքնուրույն մեր ընտրությունը կատարելու՝ ո՞ր բևեռն է մերը, որի՞ն ենք մենք հավանություն տալիս՝ թե՛ որպես մարդ էակ, թե՛ որպես հայրենասեր, և թե՛ որպես այս երկրի քաղաքացի: Նշանը տրված է:
«Հաց բերողն» ընկալումների առումով իր ամբողջ էությամբ գտնվում է միանշանակության ոլորտում: Մենք պետք է միանշանակ կատեգորիաներով դատենք «Հաց բերողի» հայտնությունը մեր իրականության մեջ, և իր զոհաբերությունը՝ նույնպես: Մնացյալ ամեն ինչ՝ և՛ հեղվող արյունը, և՛ ստախոսությունը, և՛ քաղաքական ցինիզմը, և՛ իշխանամոլությունը՝ իր բոլոր դրսևորումներով, և՛ ամբոխի ու ոհմակի ներքին մղումները սահմանի այն կողմում են: Ես ոհմակային դրսևորում եմ համարում որևէ մեկի առջև կենդանի զոհաբերելու ծեսը՝ միաժամանակ բացահայտելով, որ մենք հայտնվել ենք մարդկային հիմարությունների դրսևորման արանքում: Արդեն երկու քաղաքական գործչի ոտքերի տակ կենդանի է զոհաբերվում, էլ չեմ ասում, որ մարդիկ ծնկի իջած ոմանց աջն են համբուրում…»: