Ինչո՞ւ է ձերբակալվել Սամվել Բաբայանը

Hraparak.am-ն քիչ առաջ գրել էր, որ ձերբակալել են Սամվել Բաբայանին։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ մամուլը գրում է, որ մինչև ապրիլի 2-ն ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում, և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ, ընդհուպ՝ կալանավորումներ:

«Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից խոստացան ուշ պարզաբանել: Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները տեղյակ չէին ձերբակալության մասին: Սամվել Բաբայանի հեռախոսն էլ անհասանելի է»,- գրել է  Hraparak.am-ը:

Հիշեցնենք նաև, որ այսօր  ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի  Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող  մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

hraparak.am-ի տեղեկություններով՝ հենց այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը: ՀՀ ԱԱԾ լրատվական կենտրոնում զանգերին չեն պատասխանում, իսկ newsbook.am-ին  հայտնել էին, որ տեղեկատվություն կհաղորդեն մեկ ժամից։

Asekese.am-ն իր հերթին՝ գրել էր, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում աղբյուրները հաստատում են տեղեկությունը, որ մոտ երկու ժամ առաջ ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Այսօր ժամը 13:20-ի սահմաններում 168.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչպես են Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից (Սամվել Բաբայանի տան մոտ) մի քանի անձինք, այդ թվում՝ համազգեստներով, քաղաքացուն նստեցրել մեքենան։ Տարածքում եղել է  «Մերսեդես» մակնիշի սև մեքենա, որի համարանիշերն ավարտվել են 444 համարներով, որոնք համարվում են Սամվել Բաբայանինը։ Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը մի քանի մեքենաներ ունի, որոնցից մեկը 44UU444  համարանիշով է։

«Համախմբում» կուսակցության քաղաքական խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանի  հետ մեզ թեև հաջողվեց կապ հաստատել, սակայն նա նշեց, որ հարմար չէ խոսելը, և անջատեց հեռախոսը։

Տեսանյութեր

Լրահոս