«Կարեն Կարապետյանն իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցրել». Արա Բաբլոյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանն իր խոսքում նախ ընդգծեց, որ Հանրապետական կուսակցության ծրագիրը իրատեսական է և զուտ խոստումներ չի ենթադրում, ինչը նկատելի է մյուս քաղաքական ուժերի ծրագրերում: Նա հավաքվածներին կոչ արեց քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, եթե ցանկանում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի ղեկավարել կառավարությունը: «Կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը իր վրա վերցնում է, իսկ Կարեն Կարապետյանն իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցրել»,- նշեց Բաբլոյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չեն հավաքում, այլ հանդես են գալիս իրատեսական ծրագրերով: «Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանատու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն ունեն փորձ, աշխատասիրություն և հետևողական աշխատանք, որը հնարավորություն է տալիս բոլորի հետ շփվելու, բոլորի դարդ ու ցավին ծանոթանալու: Նա կոչ արեց  վստահել այս քաղաքական ուժին, որը փորձառու, պրոֆեսիոնալ թիմ ունի, ինչը թույլ կտա շատ արագ զգալ փոփոխությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս