Բաժիններ՝

Վրաստանում «Արժանի գործընկեր­-2017» զորավարժությունները կանցկացվեն հուլիսին

«Արժանի գործընկեր­-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-­ի անդամ եւ գործընկեր երկրների զինվորականներն արդեն գտնվում են Վրաստանում եւ վարժանքների պլանավորման աշխատանք են տանում: Վրացի զինծառայողները տարբեր երկրների իրենց գործընկերների հետ քննարկել են Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում զորավարժությունների անցկացման մանրամասների հետ կապված հարցերը:

«Պլանավորման աշխատանքները շարունակվում են մեկ շաբաթ: Դա ապագա համատեղ զորավարժությունների անցկացման հիմքն է, որոնց կմասնակցի 11 երկիր: Պլանավորման համանման գործընթաց կանցկացվի նաեւ մայիսին… Վարժանքները տեղի կունենան, մոտավորապես, հուլիսի վերջին»,­-ասել է զորավարժությունների ղեկավար, Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արեւելյան հրամանատարության ղեկավար Շավլեգո Թաբաթաձեն:

Այս տարի վարժանքները կլինեն ամենածավալունը: Բացի վրացի զինվորականներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-­ի անդամ եւ գործընկեր 10 երկրների՝ ԱՄՆ­-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի զինծառայողները:

Առաջիկա բազմազգ զորավարժությունների նպատակը լինելու է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացումը, ՆԱՏՕ-­ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ստորաբաժանումների հետ համատեղելիության բարձրացումը, տարածաշրջանային եւ միասնական գործընկերային հնարավորությունների ձեւավորումը եւ զարգացումը, ինչպես նաեւ լոգիստիկական եւ օպերատիվ պլանավորման ու կատարման ասպեկտի բարելավումը, հաղորդել է Sputnik-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս