
«Օրենքի նորմերի մի մասը չի համապատասխանում Սահմանադրությանը». Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո է դրել «Գաղտնալսումների մասին» օրինագծերի փաթեթի վրա, որոնք ենթադրում են Օպերատիվտեխնիկական գործակալության ստեղծում, որը պետք է գաղտնի լրտեսություն իրականացնի։
Օրինագծերի փաթեթը խորհրդարանի կողմից հաստատվել էր մարտի 1-ին, չնայած ընդդիմության եւ ոչ կառավարական մի քանի կազմակերպությունների բողոքին:
Օպերատիվտեխնիկական գործակալության իրավասության մեջ մտնելու է հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ ինտերնետ հաղորդակցության նկատմամբ լրտեսումը:
«Ես համապատասխան դիտողություններով խորհրդարան եմ վերադարձնում գաղտնալսումների մասին օրինագծերի փաթեթը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին բրիֆինգում: Նրա խոսքով՝ վետո դնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո,
երբ ինքը կոնսուլտացիաներ է անցկացրել քաղաքական կուսակցությունների հետ:
«Օրենքի նորմերի մի մասը չի համապատասխանում Սահմանադրությանը»,-պարզաբանել է նա իր որոշումը, հաղորդել է Sputnik-ը: