«ԲՀԿ-ն միշտ դրանով տարբերվել է, նոր բան չի». Էդուարդ Շարմազանով
«Սոցհարցումներն ասել են, որ 26% «Ծառուկյան» դաշինքն ունի, 23% Հանրապետականն ունի, բայց նախ` սոցհարցումներն արվել են նախքան քարոզարշավը, այդ սոցհարցումներում ներգրավված չեն ռեյտինգային թեկնածուների հնարավորությունները, այդ սոցհարցումներով մեր քաղաքապետը և ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանն ունի 60% վարկանիշ, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը 81% է, իսկ քաղաքացիների 82% ուզում է վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Իսկ վարչապետի պատոնում Կ. Կարապետյանին տեսնելու մի ճանապարհ կա` ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի համար:
Դրան գումարեք մեր ճիշտ և ազնիվ քարոզարշավը, եթե մենք կարողանանք այդպես անել և, նույնիսկ եթե հիմք ունենք այդ սոցիոլոգիական հարցումները, բավականին հիմքեր կան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է, որ սոցհարցումներով «Ծառուկյան» դաշինքն առաջ է ՀՀԿ-ից:
Մեր դիտարկմանը` փաստորեն ՀՀԿ-ի հույսը ռեյտինգայի՞ն թեկնածուների վրա է, Շարմազանովը պատասխանեց. «Հանրապետականի հույսն առաջինն Աստվածն է, երկրորդը` իր աշխատանքը, երրորդը` մեր ժողովրդի ճիշտ ընտրությունը»:
Հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ի քարոզարշավն ավելի «դրայվոտ», էնտուզիազմով, Շարմազանովը պատասխանեց` «ԲՀԿ-ն միշտ դրանով տարբերվել է, նոր բան չի»:
Նա բնական համարեց, որ ընտրություններին մասնակցող ուժերը մերժում են ԱԺ անցնելուց հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը. «Բոլոր նորմալ երկրներում մերժում և քննադատում են իշխանություններին: Եվ ընդդիմության բանուգործը պետք է լինի իշխանությանը քննադատելը»: