Արցախի և Երևանի պետական համալսարանների միջև հուշագիր է ստորագրվել
Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը և համալսարանականներ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՀՊ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով նշել է, որ ԱրՊՀ-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի:
«Այս հուշագիրը կնպաստի ԱրՊՀ-ի իրավաբանական կրթությամբ կադրերի կայացմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք ԵՊՀ-ի ներդրումները ԱրՊՀ-ում, հատկապես կադրեր պատրաստման առումով: Մենք այսքան տարիների ընթացքում ԵՊՀ-ի կողմից երբևէ անուշադրության չենք մատնվել. միշտ էլ զգացել ենք նրանց պատրաստակամությունը՝ օգնելու մեզ»,-մասնավորապես ասել է Մ. Մինասյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր խոսքում նշել է, որ համալսարանական կյանքը 21-րդ դարում մեծ թափով զարգանում և առաջընթաց է ապրում:
«ԱրՊՀ-ն լինելու է իրավաբանական կադրերի պատրաստման ուժեղ դարբնոց:Բովանդակային հարցերով չէ միայն, որ սահմանափակվելու է մեր այս պայմանագրի գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր նորմատիվ, իրավական գործունեության շրջանակներն ավելի ընդլայնել»,-մասնավորապես ասել է Ա. Սիմոնյանը:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշել է, որ այս համագործակցությունը նոր բովանդակային լիցքեր է հաղորդելու:
«Արդեն մեկ տարի է, ինչ այս թեմայի շուրջ խոսում ենք ԱրՊՀ-ի և ԵՊՀ-ի իրավագիտության մասնագետների հետ: Սա մի կարևոր հանրագումար է, որ մենք անցել ենք 25-ամյա պետականակերտման ճանապարհին: Դա կարևոր է այն առումով, որ հետագայում կարողանանք արժևորել մեր գիտական ու կրթական համակարգերի բարեփոխումներն ու զարգացումները: Այսօր մենք այդ հանրագումարն ունենք. այն քառորդդարյա մեր պատմության ամփոփումն է: Հայաստանի և Արցախի համար ամենակարևորը գիտական ու կրթական ռեսուրսն է, մեր երիտասարդությունը: Այս հուշագիրը մեր 2 համալսարանների տարեգրության մեջ մի նոր գործընթացի սկիզբ է լինելու»,-ըստ էության ասել է Ա. Ղուլյանը:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանն էլ նշել է. «Աշխարհի յուրաքանչյուր վայրում գտնվող հայ ցանկություն ունի որևէ ձևով օժանդակելու Արցախի կայացմանն ու զարգացմանը: Հուշագիրը երկարաժամկետ ծրագիր է: Եթե իրավաբանական ֆակուլտետն առանձնանա, ավելի լայն հնարավորություն կունենա համագործակցության և կադրեր պատրաստելու առումով: Ծրագիրը շատ հավակնոտ է, և ցանկացած միջոցառում, որն կկազմակերպվի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար, ԱրՊՀ-ն կմասնակցի: Համոզված եմ, որ արդյունքները գոհացուցիչ են լինելու»:
Գ. Ղազինյանն ԱրՊՀ նիստերի դահլիճում առանձին հանդիպում է ունեցել ուսանողության հետ և քննարկել իրավագիտության վերաբերյալ մի շարք հարցեր: