«Մեզ անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար ամուր թիկունք է պետք»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Մարտունիում: Դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը դիմելով մարտունեցիներին՝ ասաց, որ Մարտունին միշտ ըմբոստ է եղել, խիզախ կեցվածք է ունեցել, Արցախյան ազատամարտին բազմաթիվ հերոսներ է տվել։
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ այլևս այսպիսի իշխանություն ունենալու իրավունք չունենք. «Դրա գինն արտագաղթը, աղքատությունն ու աճող արտաքին պարտքն են»:
Դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանն էլ ասաց, որ իրենք ձևավորել են թիմ, որը համալրված է հմուտ մարդկանցով: Նրա խոսքով՝ իրենց դաշինքում այն անձնավորություններն են, ովքեր հայտ են ներկայացնում սահմանադրորեն՝ մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ապրիլի 2-ին քվե ձեռք բերել, վստահություն ձեռք բերել և ձևավորել նոր կառավարման համակարգ՝ այս երկիրն այս իրավիճակից հանելու նպատակով:
«Եթե մենք այսօր Հայաստանն ու Արցախը միասնաբար քարտեզի վրա տեսնենք՝ երկարությամբ գծեր քաշելով, ապա դրանց կենտրոնը Մարտունին է: Մեզ համար պատիվ է ժողովրդի հետ լինել, ժողովրդի հետ համաքայլ գնալ, զգալ այն ցավն ու դառնությունը, որ ժողովուրդն է տանում, և մտածել ժողովրդի մասին։ Միևնույն ժամանակ, ունենալով գործադիրում համապատասխան փորձ՝ մենք տեսնում ենք այն բոլոր սպառնալիքները, որոնք պետք է չեզոքացվեն մեր առաջիկա գործունեությունն ապահովելու համար։ Այդ պատճառով մենք մեր ծրագրերում առաջարկում ենք համակարգային փոփոխություններ՝ փոփոխություններ քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում, փոփոխություններ տնտեսության, սոցիալ-կենցաղային բնագավառում, ժողովրդագրական խնդիրներն իրականացնելու մեջ։ Մեզ անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ, որպեսզի կարողանանք անվտանգությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնել»,- նշեց Ս. Օհանյանը: