«Հարցդ կոռեկտ ձևակերպի ու մի սպառնա՝ երկրից գնալով». Վարչապետը՝ դիլիջանցուն
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում գնացել է Դիլիջան: Նա նախ ներողություն խնդրեց ուշացման համար, և ասաց, որ ուրախ է գտնվել այս «ֆանտաստիկ սիրուն» քաղաքում. «Ուզում եմ ձեզ հետ խորհրդակցել, թե ինչպես ենք այս քաղաքի ներուժն օգտագործելու»:
Մի կին հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետին ուղղված նամականերն ինքն անձա՞մբ է կարդում, թե՞ նրա ենթականերն են կարդում: Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ քանի որ նամակները շատ են, դրանց մի մասն ինքն է կարդում, մյուս մասը՝ իր օգնականները:
Այդ կինն ասաց, որ արդեն երկու ամիս է կառավարություն նամակ է ուղարկել ու ոչ մի արձագանք չի ստացել. «Ապօրինաբար ինձ դուրս են շպրտել, հիմա էլ քրեական գործ են սարքել իմ վրա ու մեղադրում են, որ ես իմ վագոն տնակում եմ ապրում, ես ձեզ գրել էի, ու ասել էի, որ բոլոր նախկին մարզպետները, քաղաքապետերը այդ ամենում ներգրավված են»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ դուք սպասում եք, այլ կլինի այն, որ ես և պատկան մարմինները կգտնենք ճիշտ՝ օբյեկտիվորեն»:
Մի մարդ էլ ասաց, որ մի քանի օր առաջ նամակ է գրել վարչապետին, որ ուզում է հանդիպել ու ազատամարտիկների վերաբերյալ մի քանի հարց քննարկել նրա հետ, բայց վստահ չէ՝ իր դիմումը հասե՞լ է վարչապետին, թե՞ ոչ: Նա սպառնաց, որ ինքն ու իր ընտանիքի պատրաստվում են գնալ Հայաստանից:
«Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի սպառնա՝ երկրից գնալով»,- պատասխան՝ ասաց վարչապետը: