«Մեզ համար կայուն զարգացումը ոչ միայն տնտեսական աճն է, այլև դրա որակական կողմը». Արծվիկ Մինասյան

«Այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն, որովհետև սահմանադրական փոփոխություններից հետո այլևս Հայաստանը կառավարման պառլամենտական եղանակի է անցել, իսկ սա նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ օրենսդիր, գործադիր, դատական և այլ պետական մարմիններ է ձևավորելու, մնում է պառլամենտը։

Հետևաբար պառլամենտում պետք է ներկայացված լինեն ուժեր, քաղաքական միավորներ, որոնք հստակ գաղափարախոսություն, ծրագրեր ունեն, այդ ծրագրերն իրականացնող կայուն, վստահ և հետևողական անձինք»,- այս մասին երեկ Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ընթացքում ասել է ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅԴ նախընտրական ծրագիրը։ Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց ծրագիրը կառուցված է երեք հենասյուների վրա՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն զարգացում, անվտանգ երկիր և համերաշխ, արդար Հայաստան։

«Այս երեք հենասյուները փոխկապակցված են։ Մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Մեզ համար կայուն զարգացումը ոչ միայն պարզապես տնտեսական աճն է, այլ դրա որակական կողմը։ Այն առաջին հերթին պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աճ, յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացման հավասար հնարավորություններ, ոչ թե լինի միայն լոզունգային և թղթի վրա գրված։

Կայուն զարգացումը մեզ համար նշանակում է, որ ցանկացած տնտեսական նախաձեռնություն պետք է բավարարի առնվազն երեք հիմնարար սկզբունքների՝ լինի տնտեսապես հիմնավորված, սոցիալապես առավելագույնս ընդունված՝ ներգրավվի շատ մարդկանց, ապահովվի արժանապատիվ վարձատրություն, լինի էկոլոգիապես ընդունելի։

Այսօրվա պառլամենտին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով և իրենց մասնագիտական պատրաստավածությամբ, մարդկային որակներով ունակ են լուծել այդ խնդիրները։ Մենք այդպիսի թիմ, թեկնածուներ ենք առաջադրել»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուները թե մասնգիտական ցենզով, թե անցած ճանապարհով, այսօրվա կարգավիճակով ունակ են, վճռական են։

 

Տեսանյութեր

Լրահոս