Թուրքիայում շարունակվում է գյուլենականներդի դեմ նախորդ տարի սկսված որսը
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը, Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Հետևյալ 55 դատավորներն ու դատախազները կասկածվում են գյուլենականներին հարելու և պաշտոնական դիրքի չարաշահմամբ գյուլենականներին օժանդակելու մեջ:
Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու հատկանիշներով:
Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու գործողությունների արդյունքում արդեն 26 դատավոր և դատախազ ձերբակալված է, մյուս կասկածյալների ձերբակալմանն ուղված լայնածավալ գործողությունները շարունակվում են:
Մարտի 17-ին Թուրքիայում ծառայությունից հեռացվել էր 202 դատավոր և դատախազ:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016-ի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայությանտվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն: