Վլադիմիր Պուտինի պատմական հայտարարությունը. Բաքվում խուլ հիստերիա է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ`շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով՝ սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով և 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, և վերջին պահին տեղի ունեցավ նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:

Ընդունելության որոշ դետալներ, մասնավորապես՝ օդանավակայան ուղարկված կառավարական BMW-ների և Mercedes-ների թիվը, թերևս անակնկալ էր նույնիսկ հայկական պատվիրակության համար. նրանք շատ արագ հոգ տարան, որ այդ տեսարանը հասանելի լինի նաև հայ հանրությանը։

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչև վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ը և Եվրոպան:

Ռուսաստանի վերնախավում գրիպի վիրուս է տարածված, և սույն հայտարարությունը լսելիս առաջին միտքը հետևյալն է՝ հավանաբար ջերմում է։ Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ, կհամարեինք, որ վրիպակ է, որևէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության և սպասվող ԱԺ ընտրությունների մասին:

Խորհրդարանական կառավարման պարագայում ՌԴ-ն պետք է բազմաթիվ տեխնիկական բարդություններ ունենա Հսյաստանն իրենից կախյալ պահելու հարցում։ Սա է պատճառը, որ բոլոր թույլատրելի և անթույլատրելի եղանակներով Մոսկվան փորձում էր կանխել Սահմանադրական հանրաքվեն։ ԱԺ ընտրությունների շեմին սույն հայտարարությունը փաստի հետ հաշտվելու և Հայաստանի հետ նոր մակարդակի հարաբերոթյուններ կառուցելու ազդանշան է: Թեմային ՌԴ նախագահը մի քանի անգամ է անդրադարձել: Նեղ կազմով հանդիպման սկզբում էլ նա ասել է. «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»:

Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես առաջկցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաև ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»: Կարծում ենք, սակայն, սա բավականին հնացած մեկնաբանություն է։ Իրականությանն ավելի մոտ են ռուս վերլուծաբանների վերջին կարծիքները, որ ՌԴ-ն չի միջամտի հայաստանյան առաջիկա ընտրություններին։ Ճիշտ է, Կարեն Կարապետյանը դեռ այստեղ է և քրտնաջան աշխատում է ՀՀԿ-ի համար, բայց մինչև քարոզարշավի ավարտը նրա էնտուզիազմը պետք է որ նվազի, քանի որ ՌԴ կառավարության ընկերները մոսկովյան վերջին իրադարձությունների մասին նրան զանազան ուշագրավ մանրամասներ կպատմեն։

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Վերջին անգամ այսպիսի փաստաթուղթ ընդունվել էր 2013-ին, որն ավելի շատ հերթապահ թուղթ էր, առանց հեռանկարի:

Մարտի 15-ի հայտարարության մեջ ֆունդամենտալ կետեր կան եվրասիական տարածաշրջանում ինտերգրացիոն գործընթացների, ՀԱՊԿ դերի և նշանակության, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության նպատակով հայ-ռուսական ռազմական և ռամատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածում ասվում է. «Նախագահները ընդգծեցին 2016-ի մայիսին և հունիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն»:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:

Ենթադրվում է, որ Բաքուն այս առիթով հիստերիայի մեջ է, ինչն առայժմ խուլ է, բայց մոտ ապագայում շատ բարձր կհնչի: Թեև չի բացառվում, որ երեկ Արցախի ՊԲ հրամանատարի հետ կատարված դեպքը, առաջին արաձագանքն էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս