«Նման մարդու մահը քաղաքական շահարկումների ենթարկելը, մեղմ ասած, անբարոյականություն է». Ռուբեն Բաբայան
«Տեսեք, թե ինչպես է համախմբվում ժողովուրդը, երբ գալիս է ինչ-որ փոքրիկ մարդասիրության նշան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Անդրադառնալով նրան, թե ինչո՞վ էր պայմանավորված այն, որ Արթուր Սարգսյանի մահն այսպես լայն արձագանք ունեցավ, Ռ. Բաբայանն ասաց, որ առաջին հերթին՝ հումանիզմով. «Երբ մարդիկ պահանջում էին, որ պետք է սնունդ հասցնել, կերակրել, չի կարելի մարդկանց սոված թողնել, մարդը որոշեց, որ՝ «ես եմ անելու դա», չսկսեց բացատրել՝ դա քաղաքական հայացքներով ճիշտ է, ճիշտ չէ, մարդիկ սոված են, պետք է սնունդ հասցնել: Ես համոզված եմ, որ նա այդ նույն գործողությունը կկատարեր ցանկացած պարագայում, ում հետ էլ դա կատարվեր: Սա է, որ մեծ համակրանք առաջացրեց: Գուցե մենք իսկապես առաջին անգամ հանդիպեցինք իրական հացադուլի, ոչ թե դիետայի, որը նաև բուժիչ է»:
Ռ. Բաբայանի խոսքով՝ մարդասպանություն է հիվանդ, երկրորդ կարգի հաշմանդամ մարդուն պահել բանտախցում մի քանի ամիս, մի մարդու, ով միանշանակ որևէ վտանգ հասարակության համար չի ներկայացնում. «Ես գիտեմ, որ նման մարդու մահը քաղաքական շահարկումների ենթարկելը, մեղմ ասած, անբարոյականություն է, մենք դեռ սրա հետ կհանդիպենք այս ընթացքում: Մարդը մահացել է, կարևորը՝ թե ինչ հետք է թողել, ինչ պատգամ է թողել, և, եթե մենք այդ հումանիստական կողմը մոռանանք, մենք շատ արագ կմոռանանք Արթուր Սարգսյանին: Մեր հասարակության մեջ բոլորս այդ մարդասիրության պակասն ունենք: Ու տեսեք, թե ինչպես է համախմբվում ժողովուրդը, երբ գալիս է ինչ-որ փոքրիկ մարդասիրության նշան, ու, թե ինչպես է պառակտվում մեր ժողովուրդը, երբ առաջ է գալիս ատելությունն ու ագրեսիան: Սրտի խորքում, կարծում եմ՝ բոլորին միավորեց Արթուր Սարգսյանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: