«Ժամանակն է՝ մեզնից հեռու պահեք կաշառողներին և քաղաքական ֆոկուսնիկներին»
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները երեկ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Քարոզարշավին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավորի թեկնածու Սպարտակ Սեյրանյանը, պատգամավորի թեկնածուներ։
Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ Դաշնակցությունը, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին, համոզված է եղել, որ Հայաստանի զարգացման պետական կառավարման լավագույն մոդելը խորհրդարանական համակարգն է։
«Ըստ էության՝ իշխանափոխություն կոչվածը, որի մասին տարիներ շարունակ խոսել են տարբեր քաղաքական գործիչներ, Հայաստանում համակարգային իմաստով արդեն կատարվել է»,- ասել է նա՝ նշելով, որ այս խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են մյուսներից, քաղաքացիներից է կախված, թե Հայաստանի գերագույն իշխանությունն ինչ որակ, մակարդակ է ունենալու և որքանով է կարողանալու պատասխանել նրանց հարցերին, լուծել նրանց առջև ծառացած խնդիրները։
Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատ խնդիրներ կան, բայց ՀՅԴ-ն իր ծրագրում կարևորել է երեքը՝ պետության ներքին և արտաքին անվտանգություն, տնտեսության և հասարակության բոլոր ոլորտների արագընթաց զարգացում և արդարություն։ Միևնույն ժամանակ՝ Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ Հայաստանում ամենամեծն արդարության դեֆիցիտն է. «Դաշնակցության ծրագրային դրույթներում ամենակարևորը սոցիալական արդարությունն է և արդար Հայաստանի ձևավորումը, որովհետև միայն արդար երկրում ապրող քաղաքացին կկարողանա իրեն երկրի տերը զգալ, այդ զարգացումն իմաստ ունի միայն արդարության պայմաններում, միայն այդ պարագայում այդ զարգացումը կհասնի յուրաքանչյուր հայի տուն»։
«Այն մարդը, ով ուզում է գնել ձեր քվեն, վաղը վաճառելու է իր քվեարկությունը։ Շատ տրամաբանական է։ Մարդը, ով ձեզ խաբում է սին հույսերով, երևակայական թվերով, վաղն ունենալու է բոլոր հիմքերը ձեզ ասելու, որ չկարողացավ իրականացնել դրանք։ Ժամանակն է՝ հեռու պահեք մեզնից կաշառողներին և քաղաքական ֆոկուսնիկներին»,- ասել նա՝ նշելով, որ ապրիլի 2-ից հետո կյանքը շարունակվելու է, և ՀՅԴ-ն առաջարկում է մի ծրագիր, որ ապրիլի 3-ին կարողանա շիտակ նայել մարդկանց աչքերին.
«Ոչ կաշառելու ենք ձեզ, ոչ էլ սուտ խոստումներ ենք տալու։ Անելու ենք այն, ինչ գրված է մեր ծրագրերում։ Ձեզնից ակնկալում ենք մի բան՝ վստահության քվե, որ կարողանանք իրականացնել այդ ծրագրերը։
Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ մենք մեր թիմում իրար հետ չենք մրցակցում։ Այստեղ հավաքված է մի թիմ, որոնք, լինելով ռեյտինգային թեկնածուներ, օգնում են միմյանց, ոչ թե պայքարում իրար դեմ, որովհետև շատ լավ հասկանում են՝ հաղթելու է թիմը, հաղթելու է ծրագիրը, իսկ եթե Դաշնակցության ծրագիրը հաղթեց, շահելու է Հայաստանը»։