Գագիկ Ծառուկյանի դրամական եկամուտներն անցած 5 տարում պակասել են, ավտոմեքենաների թիվը՝ ավելացել
Խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դրանցից ամենաուշագրավն ու ամենածավալունը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրն է։
Ըստ այդմ՝ անցած 1 տարում Ծառուկյանը ստացել է մոտ 2 մլրդ 522.9 մլն, 3.2 մլն եվրո և 2.3 մլն դոլար եկամուտ, որից 4 մլն 495 հազար դրամը նրա աշխատավարձն է Ազգային ժողովից, 70.3 մլն դրամը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից շահաբաժին, 1.98 մլրդ դրամը՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ից, 30 մլն դրամը՝ «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից, մոտ 2.95 մլն եվրոն՝ «Գորնա Բանյա» ООД շշալցման ընկերություն ՍՊԸ-ից, 592.9 հազար դոլար վարկ է վերցրել Chimera Business Corporation-ից, 2.1 մլն դրամ եկամուտ ստացել է Կոնվերս բանկից, մոտ 407.2 մլն դրամ ստացել է Գարեգին Քամալյանին օտարված գույքից, 300 հազար եվրո ստացել է Ջավահիր Առաքելյանից, 24 մլն դրամ՝ «Գլոբալ մոթորս» ՓԲԸ-ի վարձակալության դիմաց ստացված եկամուտն է, և գրեթե 1.8 մլն դոլար՝ «Գրայվեն Պորտֆոլիո» ՍԱ-ից ստացված վարկն է։
Սակայն ուշագրավ է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2012թ., Ծառուկյանի դրամային եկամուտը շատ ավելին է եղել՝ 6 մլրդ 274.8 մլն դրամ, իսկ դոլարային և եվրոյով եկամուտը, ինչպես և անցած տարի, հիմնականում վարկեր էին՝ 76.5 մլն դոլար և 40 մլն եվրո։
2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ Ծառուկյանը բանկում ունի 567 մլն 272 հազար դրամ, 4 մլն 517.2 հազար դոլար և 4 մլն 83 հազար եվրո։
Ծառուկյանը բաժնեմասեր ունի հայաստանյան և արտերկրյա 43 խոշոր ընկերություններում, որոնց մեծ մասը 50%-ից ավելի կամ 100%-ով պատկանում են նրան։
Գ. Ծառուկյանը հայտարարագրել է 8900 քմ-ից ավելի շենք-շինություններ, մոտ 40 հա հողամասեր Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում։
Այս տարիների ընթացքում Ծառուկյանի մարդատար ավտոմեքենաների «հավաքածուն» համալրվել է՝ 7-ից հասնելով 12-ի։ Արդեն ունեցած «Ռոլս-Ռոյսերին», «Տոյոտաներին» և մյուս մեքենաներին վերջին 5 տարում ավելացել են 2 «TOYOTA LAND CRUISER», 1 հատ «TOYOTA TUNDRA», 1 հատ «MERSEDES-BENZ G63» և 1 հատ «BENTLEY BENTAYGA», ընդ որում՝ վերջին 2-ը՝ 2016 թ. արտադրության։
Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն և 700 հազար դոլար արժեքներով, երեք ադամանդազարդ ոսկե ձեռքի ժամացույց` մեկը՝ 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: Նա հայտարարագրել է նաև թանկարժեք կահույք` 8-ը՝ ննջարանի, 2-ը՝ ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Ծառուկյանի թանկարժեք կահկարասիին ավելացել են նաև մետաքսե վարագույրներ՝ 251 հազար 799 եվրո արժողությամբ։