Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը

Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ի թղթակիցը, նման հայտարարությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Որպես օրինակ բերեմ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Մեր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն­մասնավոր հատված համագործակցությունը»,-­ նշեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: «Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ»,-­ նշեց երկրի ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-­ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):

«Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում զբոսաշրջության զարգացմանը: Փետրվարի 23­ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարևոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը»,­- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսական զարգացումը տեսնում է նաև տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-­ին: «Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք»,-­ շեշտեց Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանն ուրախալի է համարում, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ­-ի նկատմամբ: «Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-­ի հնարավորությունների ընդլայմանը»,­- նշեց ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահն անդրադարձավ նաև երկու շաբաթ առաջ Հայաստանի և ԵՄ-­ի նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցություններին, որի դրույթները արտացոլում են այդ հարաբերությունների ծավալն ու մակարդակը: «Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական­խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները»,­- շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: «Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար»,­- շեշտեց ՀՀ Նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս