Հայաստանը բարելավել է դիրքերը Վիզային սահմանափակումների վարկանիշում
Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016 թվականին Հայաստանը 80-րդն էր, 2015-ին՝ 86, 2014-ին` 79, իսկ 2013-ին` 72-րդ էր:Այս վարկանիշում Հայաստանի՝ 2007-2017 թթ. ընթացքում ամենահաջողված ցուցանիշը եղել է 2008 և 200 9 թվականներին, երբ 66-րդն էր:
Հայաստանը վարկանիշում 78-րդ տեղը կիսում է Բենինի, Ղրղզստանի և Մարոկկոյի հետ: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 68-րդ և 74-րդ տեղերում են: Թուրքիան վարկանիշի 52-րդ հորիզոնականում է, Ուկրաինան՝ 58-րդ, Ղազախստանը՝ 67-րդ, Բելառուսը՝ 70-րդ: ՌԴ-ն առաջինն է ԱՊՀ երկրների թվում և 51-րդն աշխարհում:
2017-ի վարկանիշի առաջին տասնյակում նույն 28 երկիրն է (որոշ դեպքերում մի քանի երկիր նույն հորիզոնականում է), ինչ 2016-ին: Գերմանիան ցանկի առաջատարն է արդեն 4-րդ տարին անընդմեջ, նրան հաջորդում է Շվեդիան: Իսկ 3-րդ հորիզոնականը 5 պետություն է կիսում՝ Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ն և Դանիան:
Վարկանիշի վերջին տեղերում Պակիստանը, Իրաքն ու Աֆղանստանն են:
Visa Restrictions Index ամենամյա վարկանիշը մարդկանց ազատ տեղաշարժի մակարդակի միջազգային վարկանիշ է: Henley & Partners ընկերությունը վերլուծում է 219 երկրի մուտքի արտոնագրերին առնչվող կանոններն ու դասակարգում ըստ առանց վիզայի մուտքի իրավունքով երկրների քանակի: