«Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա». Սասուն Միքայելյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

««Ելք» դաշինքի այն ներկայացուցիչները, ովքեր արդեն ճանաչված են ժողովրդի կողմից, ձեզ երբեք չեն խաբել, ձեզնից չեն հեռացել: Եղել են կալանավայրեր, քաղաքական գործընթացներ, ռեպրեսիաներ իշխանությունների կողմից, մենք երբեք չենք հնազանդվել, գնացել ենք այն ճանապարհով, որ ժողովրդին պիտի պիտի դուրս բերենք այս վիճակից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկայան դաշինքով առաջադրված Սեյրան Օհանյանի այցին իր շտաբ՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է. «Եթե ես էլ լինեի ինչ-որ տեղում, կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ, որովհետև ես քաղաքականության մեջ ոչ կարող եմ ջնջել իմ անցյալը, ոչ էլ այնպիսի մարդ եմ, որ ջնջեմ իմ անցյալը: Սեյրան Օհանյանի հետ մենք երկար ճամփա ենք անցել, նաև շատ մարդկանց հետ: Ես պահում եմ իմ հարաբերությունները և կպահեմ մինչև վերջ՝ անկախ քաղաքական հայացքներից»:

Դիտարկմանը, որ այդ այցից հետո քննադատություններ հնչեցին, թե ինչու Ս. Օհանյանը չէր այցելում Սասուն Միքայելյանին, երբ նա կալանավայրում, հիվանդանոցում էր, Սասուն Միքայելյանն այսպես արձագանքեց. «Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղան ավարտել է Ժողինստիտուտը, և տարել են բանակ։ Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ։ Մեր մեջ նման բան չի կարող լինել։ Մենք քաղաքական հայացքներով չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»։

Հարցին, թե ընտրություններից հետո ո՞ր քաղաքական ուժերի հետ են պատկերացնում համագործակցությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսևորեն այս քարոզարշավի ընթացքում, երբ պարզ կլինի, թե ուր են ուզում տանել և ինչ են ուզում անել ժողովրդի համար»։

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները Կոտայքի մարզում, որտեղ առաջադրվել է նաև Գագիկ Ծառուկյանի փեսան, մարդիկ, ում հետ դժվար է մրցակցել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ իր անցած ճանապարհը միշտ դժվար է եղել, բայց ինքը հաղթահարել է: «Իմ սպասելիքն իմ ժողովուրդն է: Որ մարդիկ այսօր գալիս, հոխորտում են՝ մենք մեծ կապեր ունենք ՀՀ-ում, այն անձինք, ովքեր գերհարստացած են ժողովրդի հաշվին և ուզում են գնեն իմ ժողովրդին… իմ ժողովուրդն ապրանք չէ։ Ժողովուրդը պիտի գիտակցի։ Ինքնասիրության հարց կա նաև»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ ինքը գումարով, «մեկի ձեռքից խլելով, թալանելով, գռփելով» ճանաչելի չի դարձել, այլ իր ծառայություններով ժողովրդին։

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ սոցիոլոգիական հարցումներին չի հավատում։ «Իրենք մեզ միշտ ցածր տոկոսներ են տալիս, որ ժողովրդի մեջ վստահություն չառաջանա, ասեն՝ միևնույն է, սրանք էլ չեն կարող անցնել, լավն այն է՝ գնանք նրանց ձայն տանք»,- ասաց նա։ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց շանսերը մեծ են՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ժողովուրդ, ինչպես անեք, այնպես էլ կլինի։ «Ժողովո՛ւրդ, ձեր ձեռքում է, երբևիցե մի մտածեք, որ բան չի փոխվի, կամ ձեր մի ձայնը ոչինչ չի փոխի։ Հենց մի ձայնով է դառնում հազար, հարյուր հազար։ Յուրաքանչյուրի ձայնն արժեք ունի»,- ասաց նա՝ կոչ անելով վստահել «Ելք» դաշինքին։

Տեսանյութեր

Լրահոս