«55 տարեկան կեղնիմ. կյանքիս մեծ մասը էս խուցն անցրի»
Գյումրու Բարեկամության այգին քաղաքի տնակային հերթական ավաններից է: Չորացած ծառերի արանքից հատուկենտ փայտյա փտած կամ թիթեղով պատված տնակներ են երեւում՝ ժանգոտ ու մրոտած դռներով: Այս մասին գրում է asparez.am-ը։
Տնակային ավանի բնակիչների մեծ մասը խմելու ջուրը տարբեր մասերից է կրում, բնական գազի փոխարեն այստեղ արհեստական գազօջախներ են, էլեկտրաէներգիան խնայողաբար են օգտագործում: Գիտեն, որ վարձը չեն կարող վճարել, իսկ տեսուչը հանդուժող չէ, հաշվի չի առնի սոցիալական վիճակը:
55-ամյա Գայանեն ավանի հին բնակիչներից է, ապրում է մենակ, միակ եկամուտը ընտանեկան նպաստն է: Ասում է՝ ընդամենը 17 հազար 500 դրամ է ստանում, աշխատանք չունի, չի կարող գործ գտնել:
ԳայանեԳյումրու Բարեկամության 234/232 տնակում Գայանեն ապրել է 1988-ի երկրաշարժից հետո:
«88 թվի ժաժքի տակ մնացի, տարան ընձի Էրեվան, հետո Արզնի, հետո էկել եմ Լեննական, մամաս էս դոմիկն արդեն դրել էր ու ապրել եմ տնակում, իմ շենքս փլվել էր»,-պատմում է Գայանեն:
Տնակի օդը ծանր է, արհեստական գազօջախին է կինը ճաշ եփում, ջուրը դույլերով կրում է ավանի տարբեր մասերից: Գայանեն տնակի անկյուններում մեծ ու փոքր անցքեր է գտել, այստեղ եւս առնետներն ու մկները շատ են:
Առնետների ու մկների դեմ Գայանեի կատուներն են պայքարում: «Էս կատուներն ընձի կպաշտպանեն կռիսներից: Էս էրկու կատուն որ չէղներ, հմի գիտես ստեղ ինչքան կռիս ու մուկ կեղներ»,-ասում է նա:
Տնակը չունի կոմունալ ոչ մի հարմարություն, Գայանեն օգտվում է Գյումրու բարեգործական բաղնիքից, ասում է՝ «չեկ են տվել»:
Միայնակ ապրող կինը պատմում է, որ պետության կողմից նոր բնակարան չի ստացել անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու պատճառով:
«Տուն է ուզածս, որ մարդավարի ապրիմ, շնորհքով: Ախր ես ապրել եմ, գիտեմ շենքի մեջ ապրելն ինչ է: Արդեն 55 տարեկան կեղնիմ. կյանքիս մեծ մասը էս խուցն անցրի»,-եզրափակում է Գայանեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Անի Մկրտչյան