Բաժիններ՝

«Ոտքից գլուխ պետք է շուռ տալ. երկիրը կոլապսի մեջ է, երկիրն անվճարունակ է». Հրանտ Բագրատյան

«Այսօր մենք դեմոկրատիան կորցնում ենք նաև տնտեսության մեջ»,- այսօր այս մասին  ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական  ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված  միջոցառման ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իր թիմի տնտեսական  դրույթները։

Հրանտ Բագրատյանն ասաց, որ երկիրը  կոլապսի մեջ է, երկիրն անվճարունակ է, մի կերպ, նոր պարտքեր վերցնելով՝ յոլա է գնում, ավելին,  հաջորդ նոր պարտքերի փուլը կգա ընտրություններից հետո։

Նրա խոսքով, նստել-մտածել են՝ ինչպես անել, որ երկիրն աճի, մտածել են մակրոտնտեսական փոփոխականները, զսպանակները։

Առաջին, ըստ նրա, պետք է  ավելացնել ներդրումները, հատկապես՝ ներքին խնայողությունների հաշվին, որի հարցում խանգարում է միայն ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ), որը չի թողնում, որպեսզի ժողովրդական ներդրումային հիմնադրամ լինի,  իսկ հայաստանյան ներդրումներն օլիգարխիկ ներդրումներ են՝ դրսից կամ ներսից, ներկայումս չեն սովորեցնում ժողովրդին ներդրում անել։

Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, Հ. Բագրատյանի փոխանցմամբ,  որ պետք է ֆինանսական լիարժեքություն տրվի քաղաքներին, գյուղապետարաններին։

Երրորդը, բանախոսի կարծիքով, ապակենտրոնացումն է. պետք է փոքր բիզնեսի տեսակարար կշիռը ներկայիս  ՀՆԱ-ի 70%-ը կազմի, որովհետև  այդ դեպքում նա կկարողանա   արագորեն  փոփոխվել։

«Մեր երկրի տնտեսությունը չի պատժվում, եթե  վատ տարի է կամ զրոյական տնտեսական  աճ։ Մենք չլսեցինք, որ  մի օլիգարխ սնանկանար, մինչդեռ պետք է սնանկանար, էլիտայի փոփոխություն  պետք է լինի։ Անփոփոխ Հայաստա՞ն եք ուզում. այս ճահիճն է։ Հասկանո՞ւմ եք։ Հաջորդը, որը մենք անում ենք, վերցրեք-սանձեք ԿԲ-ն, ԿԲ-ն  դրամավարկային քաղաքականության համար է, այդ հիմնարկն ամեն  ինչով զբաղվում է, Հայաստանում տարվող հիպոթեքային շինարարությունը ԿԲ-ն է համակարգում, ոչ ոք չի բացատրում, թե ինչու։ Այս զսպանակները ձևավորելուց հետո սկսում ենք զարգանալ։ Ոտքից գլուխ պետք է  շուռ տալ։

Պետք է լինի դեմոկրատիա տնտեսության մեջ, կորցրել ենք այն քաղաքականության մեջ, այսօր կորցնում ենք նաև  տնտեսության մեջ։ Դեռևս կարելի է վիճակը փրկել: Պոպուլիստական ոչինչ չունենք մեր ծրագրում։  Եթե մյուսները գտնում են, որ թոշակը, նվազագույն աշխատավարձը պետք է արագ բարձրացնել, ապա մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում շանս չենք  տեսնում միջին աշխատավարձը բարձրացնելու  համար, ուստի ազնվորեն դա ասում ենք»,- ասաց Հրանտ  Բագրատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս