Քննարկում՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում  մարտի 10-ին տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային  քննարկում, որին մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան  Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ  պատվիրակության,  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ  ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի,   Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Աշխատանքային հանդիպմանը  քննարկվել են   խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների  վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու , նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման  և մի շարք այլ հարցերում  իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով  ներկաներին, անդրադարձել է աշխատանքային  քննարկման անհրաժեշտությանն ու  նպատակներին,  և այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրադարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ:

ՀՀ գլխավոր  դատախազը  մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարևորել է  ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում  պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը:
Արթուր Դավթյանը  կարևորել է նաև Քրեական օրենսգրքով  ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչև իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառնալը տեղեկացնի   իրավապահ մարմիններին  և աջակցի հանցագործության բացահայատմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից:

Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովներում  դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ  զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն  առերևույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն:  Արթուր Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն և հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:

Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականցվելիք գործողությունների հաջորդականությանը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրել է ընտրական բնույթի յուրաքանչյուր  հանցագործության դեպքի հետևողական, բազմակողմանի, լրիվ  օպերատիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի  պատասխանատվությունն ապահովելու, այդ գործընթացների առավելագույնս թափանցիկ և  հասարակության համար նկատելի  դարձնելու անհրաժեշտությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը  ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, տեխնիկական սարքավորումներ սպասարկող մասնագետների ընտրության, այդ անձանց համապատասխան ուսուցման ապահովման իրազեկման ուղղությամբ կատարված այլ աշխատանքները: ԿԸՀ նախագահը անդրադարձել է նաև ընտրական հանձնաժողովների և իրավապահ կառույցների համագործակցությանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան ողջունել է ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հատկապես կարևորելով ընտրատեղամասերում  տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու ընտրողների ցուցակների հրապարակումը:

Տիկին Խալուպովան անդրադարձել  է նաև ընտրություններին  դիտորդական խմբերի ներգրավվածությանը, մատնանշել արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների դրսևորած կամքը՝ կարևորելով այդ գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Քննարկման ընթացքում ՀՀ ՄԻՊ գրասենյակի, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրել են իրենց դիտարկումները՝ նախընտրական գործընթացներում առերևույթ ընտրախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերի, դրանց ստուգման ընթացակարգերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են ՀՀ գլխավոր  դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի արձանագրած աշխատանքի արդյունքները, աշխատանքների ակտիվացման ուղղությունները:

Իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերը, իրականացված կազմակերպչական բնույթի աշխատանքները, առաջարկություններ ներկայացրել համագործակցված աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:

Աշխատանքային կարգով քննարկվել են իրավապահ կառույցների փոխգործակցությանն առնչվող խնդիրներ:

Տեսանյութեր

Լրահոս