«Մենք հասկանում ենք, թե ինչ ծանր լուծ, բեռ ենք վերցնում մեզ վրա». Կարեն Կարապետյան
Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին Սիսիանում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից գնալու մասին: Մենք հասկանում ենք, թե ինչ ծանր լուծ, բեռ ենք վերցնում մեզ վրա և այդ գործում ներկայանում ենք մեր պատասխանատվությամբ և անհանգստությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ երկրի հիմնական կապիտալը մարդն է, որի համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լիարժեք կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը: «Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Խոսելով պետական կառավարման համակարգի մասին, նա ասաց, որ այն դեռևս լիարժեք կայացած չէ: Չունենք համակարգ, որը թույլ չի տալիս կամ սահմանափակում է յուրաքանչյուր նոր վարչապետի կամ նախարարի սխալ մոտեցումները: