«Այցի ընթացքը ցույց տվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը և Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դժվար թե գտնվի մի երկիր, որի հարաբերությունները Հայաստանի հետ այդ աստիճան դրական և բարեկամական լինեն: Կարծում եմ, որ այս այցը նույնպես, ինչպես Հայաստանի և Ֆրանսիայի պաշտոնյաների նախորդ փոխադարձ այցերը, անցավ դրական և բարեկամական մթնոլորտում:
Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և ներդրումային ծրագրերին, որպեսզի ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունն ավելի մեծանա հայկական շուկայում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Մելիք-Շահնազարյանի կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների մակարդակը և քանակը ցույց են տալիս այն, որ երկու երկրների միջև կա մշակված համագործակցություն, որում ընդգրկված են բոլոր ոլորտները:
«Այցի ընթացքը ցույց տվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են: Եվ, ըստ էության, չկա մի այնպիսի հարց, որը տարաձայնությունների տեղիք տա կամ որոշակի խնդիրներ առաջացնի երկու երկրների հարաբերություններում: Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բոլոր կարևորագույն հարցերում»,- ընդգծեց նա:
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 24-ին:
2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիգեն Չիտեչյանը:
2014 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: