
«Տո, ձեր ցավը տանեմ, գործ կա՞, որ ձեզ գործ տանք». Ծառուկյանը Վանաձորում է

Այսօր «Ծառուկյան» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը Վանաձոր քաղաքում: Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ պետք է համակարգը փոխվի, օրենք փոխվի, մոտեցում փոխվի:
«Ոնց մարդն իր սեփական գումարներն է մտածված ծախսում, պետք է բյուջեի գումարներն էլ նպատակային ծախսել, ոչ թե բյուջեի գումարներն աննպատակ ծախսենք, ու ոչ մի արդյունք: Ոչ թե նախապատրաստված, անգիր արած եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, դուք Ծառուկյանին՝ լավից-վատից, քչից-շատից, տեղյակ եք, մարդու գործունեությունը, արարքը, մտածելակերպը: Այսօր ես ասում եմ՝ պարտք ունեմ տալու իմ ժողովրդին, դա իմ խաչն է, ես պետք է տանեմ: Ես պատրաստակամ եմ, ցանկություն կա, դժվար է, ծանր է, բայց առանց դրա չի լինում: Ինչ ես ասել եմ՝ ասել եմ: Ոչ թե անգիր արած, այլ լիարժեք նայելով՝ ասում եմ՝ այսօր ով ինչ ուզում է՝ ասի, այդ 15 կետերն անհրաժեշտ են մեր ժողովրդին օդ ու ջրի պես, դա պետք է լինի, որ մարդիկ շնչեն»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
Նա կրկնեց, որ չկա մի բան, որ ինքն ասած լինի ու արած չլինի.
«Ինձ դիմում են՝ «պարոն Ծառուկյան, 40 տարեկան եմ, կարո՞ղ ես գործի դնես»: Տո, ձեր ցավը տանեմ, գործ կա՞, որ ձեզ գործ տանք: Որ գործ լինի՝ 65 տարեկանին էլ գործ կտանք: Աշխատող ուժը միշտ էլ պետք է»: