ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարում է, որ հաղթանակի դեպքում վարչապետ լինելու է Կարեն Կարապետյանը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակում, այնուամենայնիվ, հիմնական քարոզարշավը նա է անում, և այդպիսով՝ ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարում է, որ հաղթանակի դեպքում վարչապետ լինելու է Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ չի թաքցնում՝ մինչ Գագիկ Ծառուկյանի հյատարարությունը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկման թեման եղել է՝ քաղաքական էջը բացելու դեպքում ո՞ր միջոցը կլինի լավագույնը։

«Չեմ թաքցնում՝ համենայն դեպս, ինձ թվացել է, որ այդ հանդիպումների ժամանակ կարողանում ենք գալ եզրակացության, այն է՝ պարոն Ծառուկյանի անձնական վարկանիշը բավական բարձր է, և հարկավոր է այդ վարկանիշն օգտագործել՝ խորհրդարան տանելու համար լավագույն իրավաբաններին, միջազգայնագետներին, մշակույթի և արվեստի գործիչների, որոնք որակական լուրջ ազդեցություն կարող էին ունենալ մեր Ազգային ժողովի վրա»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ, ցավոք սրտի, ավելի ուշ պարզ դարձավ, որ ցուցակը կազմվում է ոչ այդ սկզբունքով.

«Ցուցակում սկսեցին ընդգրկել հարազատ-բարեկամների՝ փեսաներ, խնամիներ, մարդիկ, ովքեր հեռացված են Հանրապետական կուսակցությունից և ովքեր որևէ վարկանիշով կամ գործունեությամբ աչքի չեն ընկել, և սեփական շրջապատի մարդկանցով։ Հայտնվեցին մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ իրենք միշտ պարոն Ծառուկյանի կողքին են՝ ամենադժվար պահերին։ Ես միանգամից հիշեցի փետրվարի 12-ը, և հիշում եմ, թե այդ օրերին ովքեր էին կանգնած պարոն Ծառուկյանի կողքին»։

Նա նշեց, որ այդ օրերին կուզենար տեսնել Իշխան Զաքարյանին, Աբրահամ Մանուկյանին, մյուսներին, ովքեր այսօր հայտարարում են, որ միշտ եղել են Գագիկ Ծառուկյանի կողքին։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ շատ կուսակցություններ պատրաստ չէին ընտրության նոր Ընտրական օրենսգրքով.

«Հնարավոր է՝ գազի կալոնկայի սմենի պետին ընդգրկել են ռեյտինգային ցուցակում։ Կտեսնեք նման մարդկանց, ովքեր հանրությանը հայտնի չեն և մարդիկ չեն, ովքեր կարող են լուրջ աշխատանք կատարել և ձայներ բերել տվյալ կուսակցության համար»։

Ըստ նրա՝ կոմունիստներն ավելի լավ ցուցակ են կազմել, քան դաշինքներից ու կուսակցություններից շատերը։

Անդրադառնալով «Ելք» դաշինքին՝ նա նշեց, որ դաշինքի քարոզարշավն ու ոճը շատ հստակ է, այն բավական լուրջ հաջողություններ կարող է ակնկալել, չնայած խոցելի տեղեր ունեն։

Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց նաև, որ իր կուսակցությունը՝ «Ազգային անվտանգությունը», սատարելու է ՀՀԿ-ին։

Տեսանյութեր

Լրահոս