
«Եվրամիությունը կանգնել է մասնատման ուղու վրա». Կաչինսկի

Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնել է ապաինտեգրման ուղու վրա, այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Եվրամիությունում գերիշխում է մեկ երկիր։ Ակնհայտորեն, այդ երկիրը Գերմանիան է»,- հայտարարել է Կաչինսկին՝ նշելով, որ որոշ քաղաքական գործիչների վրա «մեծ ճնշում» է գործադրվում։
«Եթե ԵՄ-ն չհրաժարվի այդ ճանապարհից, ապա կանցնի պատմության գիրկը»,- ասել է նա։
Կաչինսկին նշել է, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հետևողական կողմնակից, խոսք չի գնում երկրի՝ միությունից դուրս գալու մասին, սակայն չի կարելի ղեկավար պաշտոնում ընտրել մի մարդու, որին չի աջակցել նրա ազգային կառավարությունը: