Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումները բոլոր հարցերի շուրջ շատ մոտ են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակին, ինչպես նաև Կանանց իրավունքների միջազգային օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ի թղթակիցը Փարիզից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց, թե այն փաստը, որ Հայաստանում մարտի 8­ը պաշտոնապես նշվում է, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է կանանց իրավունքների պաշտպանությանը: «Այս այցը առիթ է նաև հիշեցնելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրության մասին: Այս բարեկամությունն ամրապդնվում է նաև այստեղ` Ֆրանսիայում հայկական ծագմամբ մեր համաքաղաքացիների միջոցով»,-­ նշեց Ֆրանսիայի Նախագահը:

Ֆրանսուա Օլանդի խոսքով` Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև նոր որակի հարաբերություններ են ձևավորվել: «Մենք հաստատեցինք նաև տնտեսական հարաբերությունները, բազմաթիվ ֆրանսիացիներ սկսեցին ներդրումներ կատարել Հայաստանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունները և այլն»,­- նշեց Ֆրանսիայի նախագահը: Տնտեսական կապերի հետագա զարգացման համատեքստում Ֆրանսուա Օլանդը հիշատակեց Նախագահ Սարգսյանի` «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպություն` ՄԵԴԵՖ, այսօր կատարած այցը, որը հետագա ներդրումներ ներգրավելու համար կապեր ստեղծելու նպատակ ուներ: «Հայաստանը նաև կարևոր հարաբերություններ ունի Ռուսաստանի, Իրանի հետ: Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է Եվրասիական տնեսական միության մեջ, ուստիև ունի սերտ տնտեսական հարաբերություններ: Նույն կերպ Հայաստանը կապված է նաև Եվրոպայի հետ և պատրաստվում է ստորագրել շրջանակային համաձայնագիր»,-­ ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:

Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդն անդրադարձել են նաև մշակութային ու համալսարանական կապերի զարգացմանը: «Հայաստանում առկա է Ֆրանսիական համալսարան, որն ավելի լայն հնարավորություններ կստանա այսօր Ֆրանսիայում մեծ հեղինակություն վայելող այլ կրթական հաստատությունների հետ կապեր հաստատելով»,­ շեշտել է Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով` առկա է նաև լեզվական կապը, քանի որ Հայաստանը Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության անդամ երկիր է: «Հայաստանը պատրաստվում է 2018թ­-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Սա շատ կարևոր պատասխանատվություն է, որն այդ շրջանում իրականացնելու է Հայաստանը»,- նշեց Ֆրանսիայի նախագահը:

Ապակենտրոնացված կապերի զարգացման առումով Օլանդը հիշատակեց, որ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահը կայցելի նաև Լիոն` մի տարածաշրջան, որը բազմաթիվ կապեր ունի Հայաստանի հետ:

ՀՀ Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ ընդունելության համար: «Սա լավագույն պահն է ամփոփելու մեր ձեռքբերումներն ու քննարկելու ապագայի անելիքները»,-­ նշեց ՀՀ Նախագահը` հիշատակելով այն փաստը, որ անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով երկու կողմերի միջև կայացել է շուրջ 25 այցելություն:

«Սա վկայում է այն մասին, որ հայ­ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության կենտրոնում են»,­ ընդգծեց Հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանն ուրախությամբ արձանագրեց, որ բանակցությունների ընթացքում քննարկված բոլոր հարցերի շուրջ երկու կողմերի մոտեցումները շատ մոտ են միմյանց: «Դա վերաբերվում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին»,­- շեշտեց ՀՀ Նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս