«Սա չափազանց ձախողված ուղերձ է». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի մասին

«Մենք գնում ենք թաղ-թաղ, փողոցից փողոց և մարդկանց, քաղաքացիներին ասում ենք, որ առաջիկա ընտրություններում մեր ամենամեծ հակառակորդը, մրցակիցը և նույնիսկ թշնամին հուսահաատությունն է, և այս ընտրություններում մեր ձևակերպված մեծագույն խնդիրը հուսահատության այդ պատնեշը ճեղքելն է և ասելն է, որ ելք կա». «Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի համամասնական ցանկի երրորդ հորիզոնականում գտնվող Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությամբ։

Նա նշեց, որ իրենց այս ուղերձը հերթական քաղաքական ինտրիգի տեղիք է տվել, և հարց է հնչում՝ դուք փաստորեն չե՞ք քննադատում իշխանություններին. «Ես էլի ուզում եմ ասել՝ այնքան, ինչքան մենք ենք հասցեական քննադատել իշխանություններին, ընտրություններին մասնակցող մյուս ուժերը դեռ երեք տարի, շաբաթ-կիրակիներ, օրը 24 ժամ պետք է քննադատեն և խոսեն և հասցեական խաբեն, որ մեզ հասնեն։ Արձանագրենք սա, բայց մյուս կողմից՝ ինտրիգը հասունացած է, և ես այսօր ուզում եմ անդրադառնալ Հանրապետական կուսակցության կարգախոսին՝ անվտանգություն և առաջընթաց։

Անվտանգությունը պատկերացված է զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով, և նրա այդ կերպարի ուղերձը՝ որ ինքը հանրությանը, Հայաստանին անվտանգություն ապահովող է։ Սա չափազանց ձախողված ուղերձ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հա տարածք է կորցրել։ «Նա ընդհանրապես անվտանգության մասին խոսելու իրավունք չունի, որովհետև նրա պաշտոնավարման արդյունքում Հայաստանի անվտանգությունն ապահովում են 80-ականն թթ. զենքերով։

Առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը, որ վերջերս իրականացվել է և էականորեն փոխել իրավիճակը, իրականացվել է քաղաքացիների հանգանակություններից գոյացած գումարներով»։

Ըստ նրա՝ վերջին 7-8 տարիների ընթացքում անվտանգության ռազմավարական պլանավորման մեջ կոպտագույն սխալներ են գործվել. «Այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր բարձրագույն ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատի եզրերով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս