«Եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետակա՛ն ախպերներ, բա էլ ի՞նչն եք ուզում փոխել». Արամ Սարգսյան

Հետևելով Հանրապետական թևին և նրան կից, նրան սպասարկող կուսակցությունների քարոզարշավին, հետևություն ես անում, որ այդ մարդիկ այս երկրում չեն ապրում։ Այս մասին այսօր «Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող,  Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

«Նրանք տեսահոլովակ են ստեղծել, որտեղ իրենց վարչապետին տվել են թմբուկ նվագել, որում ներգրավվել են երիտասարդների, որոնք հագնված են մոդայի վերջին խոսքով, Լոնդոնի ոսկե երիտասարդության փարթիի ամենաբարձր դրսևորումներով ու ուզում են մեզ ասել, որ իրենց այսօրվա Հայաստանը դա է։ Եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետակա՛ն ախպերներ, բա էլ ի՞նչն եք ուզում փոխել։ Այս դեպքում ամբողջ աշխարհը պիտի գա, այդ Հայաստանից բան սովորի, տեսնի, թե որքան բարեկեցիկ ենք մենք ապրում։ Ախր, ձեր պատկերած Հայաստանն այնքան հեռու է այսօրվա գոյություն ունեցող Հայաստանից, որքան ՀԱԿ ու ՀԺԿ դաշինքների լիդերներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները՝ իրենց իրական պատկերներից։ Թող ինձ ներեն իմ նախկին գործընկերներն այս չարաճճի կատակի համար, բայց նաև իրենց լավը կամենալով եմ ասում։ Լավություն չեն արել, որ դա են տեղադրել»,- ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանն անդրադարձավ Gallup ընկերության կողմից արված հարցումների արդյունքներին՝ նշելով, որ հրապարակվել են թվեր, որոնք կապ չունեն հայկական իրականության հետ։ Ըստ նրա՝ համեստ երևալու համար հանրապետականներն ասում են, թե իրենք երկրորդ տեղում են, առաջինում «Ծառուկյան» դաշինքն է, միևնույն ժամանակ՝ նշում, թե հաշվի չեն առնվել ռեյտինգային ցուցակով առաջադրվածները, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը 85 տոկոս վարկանիշ ունի։ «Այսպիս բան իսկապես Ահարոն Ադիբեկյանն էլ չէր ասի։ Հանրապետականները սա ասում են մի պարզ պատճառով՝ որ հետո ասեն, որ մեր վարչապետի վարկանիշը, մեր ռեյտինգայինների արած աշխատանքը հաշվի առնելով՝ մենք դարձանք առաջինը, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ երկրորդը։

Եվ քանի որ «Ծառուկյան» դաշինքը մշտապես մերժում է, ասում է, որ ինքը դեմ է արյունահեղությանը, ինքը գնալու է, շնորհավորելու Հանրապետականին, ասելու՝ ընտրություններն արդար էին ու շատ լավ, նորից շամպայն են խմելու, մնացած տեղերն էլ զբաղեցնողներն էլ թող խոսեն, խոսեն, գնան տները։ Ի՞նչ է եղել, որ։ Սա է իրենց՝ գելափյան հարցման ամբողջ տրամաբանությունը։ Բայց մենք՝ «Ելք» դաշինքը, պիտի հիասթափեցնենք իշխանություններին։ Ձեզ հետ միասին պիտի ասենք, որ ձեր մտածած այդ ծրագրում մենք սոսկ դերակատարներ չենք, դերեր չենք տանում, ձեր այդ մտածած ծրագիրն իրականություն չի դառնալու»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ մեծադիր շենքերի պատերին փակցված ոտքից գլուխ պաստառների փոխարեն՝ իրենց փոքրիկ բրոշյուրներն են բաժանում՝ հատ առ հատ, ձեռք սեղմելով, զրուցելով, մարդկանց դարդն ու ցավը, հոգսն իմանալով, այդպես էլ շարունակելու են։

Ըստ նրա՝ իրենք աշխատելու են հնարավորությունների սահմաններում ինչ-որ կերպ խանգարել ընտրակաշառք բաժանելուն, ինչը բարդ է։ Իրենց զենքը բացատրական աշխատանքն է լինելու, և հայտնաբերելու դեպքում՝ այդ դեպքերը նկարահանելն ու տարածելը։

Նա նշեց նաև, որ շատ ուրախացնող փաստ կա՝ վախի այս մթնոլորտի առկայության պայմաններում իրենց գրասենյակներ են տվել և ասել՝ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ։ Նա փոփոխություններ ցանկացողներին կոչ արեց միանալ իրենց։

Նա ասաց, որ պարզ ու հասարակ գործողություն են առաջարկում ժողովրդին՝ մերժել ընտրակաշառքը, կաշառք առաջարկողին կոպիտ պատասխանել, առաջարկում են աշխատել, պայքարել. «Եթե դուք ապիրլի 2-ին կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, ձեր սրտով, ձեր մտքով քվեարկեք, կհամոզվեք, որ այս երկրում ընտրության արդյունքները որոշված չեն, որ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր տեղերի որոշողը դուք եք, դուք եք այդ երկրի իրական տերը ու դուք եք, որ 5 տարին մեկ մեզ իշխանություն եք տալու»։

Տեսանյութեր

Լրահոս