«Եղել են բանտեր, գնդակահարություններ, ճակատ, ֆրոնտ, туман и мороз, մենք ձեր կողքին ենք եղել». Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում Սասուն Միքայելյանը հորդորեց խորհել վաղվա օրվա, քաղաքացու ձայնի համար, որը որոշում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։
«1992թ. ես մի հոդված էի գրել՝ կռված տղաների հետ կապված, որ մեր տղաներն այն ժամանակ պատերազմի են դուրս եկել մեր դարավոր թշնամու՝ թուրքի, ադրբեջանցու դեմ, մեր մայրերի, քույրերի, կանանց նամուսի, թասիբի համար։ Բայց, ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք ականատես եղանք մի ցավալի իրավիճակի, որ մեր հայ կանանց մազերից քարշ են տալիս Երևանի փողոցներում, և այն տղաները, ովքեր մարտնչում էին հանուն հայրենիքի, մեր անկախության, ազատության, մեր կանանց նամուսի, թասիբի, հայտնվեցին բանտերում, 10 հոգին էլ գնդակահարվեցին այստեղ՝ Երևանի սրտում։
Ահա այն իրավիճակը, որի գնահատականը պետք է տաք դուք և կողմնորոշվեք՝ ում եք ձայն տալու՝ իշխանությա՞նը, թե՞ մեր ապագային՝ ի դեմս այսօր ձևավորված «Ելք» դաշինքի»,- ասաց Սասուն Միքայելյանը։ Այսօրվա հանրահավաքը նա քաղաքական զորակոչ համարեց՝ արգելելու այն իրավիճակը, իշխանության կողմից ստեղծված խնդիրները, որ նշեց։ Նա ասաց, որ իրենք ժողովրդի կողքից չեն հեռացել, չեն լքել նրան. «Եղել են բանտեր, գնդակահարություններ, ճակատ, ֆրոնտ, туман и мороз, մենք ձեր կողքին ենք եղել այդ դաժան օրերին, ցրտին, ձմեռին, և մենք եկել ենք նորից կանգնելու ձեր կողքին»։
Սասուն Միքայելյանն ասաց, որ գրեթե երկու տասնամյակ չենք կարողանում ելք գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, չկարողացանք ունենալ մեր երազած երկիրն ու պետությունը, իսկ այսօր ընդամենն ասում են՝ ձեր մի ձայնով զորավիգ եղեք մեզ, որ «փրկենք մեր երկիրը, ժողովրդին, վաղվա ապագան լինի պայծառ, լուսավոր»։