Բաժիններ՝

«Մեր հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը». Արտակ Զեյնալյան

«Մենք ասում ենք, որ մեր հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը։ Մենք ուզում ենք, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կարգին, որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը։ Ապրիլի 2-ին մենք փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորել։ Մեր ուղերձներից է հետևյալը՝ Ազգային ժողովի պատգամավորը ծառայություն է իրականացնելու, ծառայելու է ժողովրդին, ժողովրդի անունից սահմանելու է խաղի կանոններ»,- այս մասին այսօր «Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով դատարանների անկախությանը՝ նա նշեց, որ դա այն կարևոր գործերից մեկն է, որ իրենք անելու են։ Ըստ նրա՝ կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ասում են, թե իշխանության գալով՝ դատարաններին հանձնարարելու են արդարադատություն իրականացնել, լավ վճիռներ կայացնել.

«Մեր նպատակն այն է, որ դատարանը չենթարկվի ոչ օրենսդիր, ոչ գործադիր իշխանության հրահանգներին, այլ արդարադատություն իրականացնի ժողովրդի անունից, ժողովրդի կամքով՝ այն խաղի կանոններով, որոնք մենք՝ ժողովուրդս, ընդունել ենք Սահմանադրությամբ։ Մենք նաև սահմանադրական փոփոխություններ ենք անելու, որպեսզի բոլորով հավատանք այս Սահմանադրությանը՝ անկախ նրանից՝ մենք դրան կո՞ղմ ենք քվեարկել, թե՞ դեմ, հավատանք, որ դրան կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակացած անձանց մեծամասնությունը»։

Արտակ Զեյնալյանն ասաց, որ գիտեն՝ ինչպես անել, որ դատական համակարգն անկախ լինի. կան գործոններ կան, որոնք ամրապնդելու են օրենքներով, որպեսզի դատական իշխանությունը վերահսկի գործադիր մարմնին, օրենսդիր մարմնի կողմից ընդունած օրենքները համեմատի Սահմանադրության հետ և որոշի՝ կիրառե՞լ այն, թե՞ անմիջականորեն գործող իրավունքը։

«Մենք ապահովելու ենք, որպեսզի երկրում գործի օրենքի իշխանությունը, իրավունքի իշխանությունը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք կատարեն միայն այն, ինչի համար իրենց լիազորել է այն Ազգային ժողովը, որին մենք ընտրելու ենք ապրիլի 2-ին»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ կոչ անելով մասնակցել որոշման կայացմանը, որպեսզի կարողանանք մշտապես մասնակցել մեր երկրի կառավարմանը, և ոչ թե՝ ընտրությունից ընտրություն։ Նա կոչ արեց ակտիվ լինել, տեր կանգնել երկրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս