Բաժիններ՝

Արցախում պեղումները շարունակվում են

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելն է։ 2005 թ.-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, ավելի վաղ սկսվել են Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Վերջին տարիներին, ըստ անհրաժեշտության, հնագիտական պեղումներ են իրականացվում նաև Կարկառում, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի մոտակայքում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի և Ամարասի վանքի տարածքներում։

ՀՀ մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն ասել է, որ Արցախի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ Այս տարի ևս պեղումները շարունակվելու են Տիգրանակերտում, Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։ 2016թ.-ի վերջին Նոր Կարմիրավանում հայտնաբերվել են մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող մարդակերպ կոթողներ։

Նա հույս է հայտնել, որ այս տարի կկարողանան շարունակել նաև Ազոխի քարանձավի ուսումնասիրությունը։ Տիգրանակերտում և Նոր Կարմիրավանում կաշխատեն տեղական, իսկ Ազոխի քարանձավում` միջազգային արշավախմբերը:

Նժդեհ Երանյանը համառոտ ներկայացնում է Տիգրանակետի պեղումների արդյունքը: «Քանի որ հուշարձանը բազմաշերտ է, հետևաբար ամենահին գտածոները անտիկ շրջանի են, հայտնաբերվում են նաև միջնադարին վերաբերող առարկաներ` խեցեղեն, հնամարդաբանական նյութեր, մետաղադրամներ, տարբեր գործիքներ։ Գտածոների մեծ մասն ուսումնասիրվում է Երևանում, եվրոպական երկրներ է տեղափոխվում մարդաբանական նյութը։ Ուսումնասիրումից և վերականգնումից հետո պատմական Տիգրանակերտի գտածոների մի մասը մշտապես ցուցադրվում է հենց Տիգրանակերտի հնագիտական թանգարանում, մյուսները՝ պահվում են ՊՈԱԿ-ի ֆոնդերում և ներկայացվում են ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում»։

Ազոխի քարանձավում պեղումներ են իրականացվել դեռևս խորհրդային տարիներին։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որը թույլ է տալիս ուսումնասիրել հնագույն ժամանակներում մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ է կատարել Ազոխի քարանձավում։ Հայտնաբերվել են չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան դարաշրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների մնացորդներ։ Ազոխի քարանձավի գտածոները Եվրոպայում ուսումնասիրվելուց հետո վերադարձվում և համալրում են Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը։ Այդ գտածոների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատմական այս տարածքում մարդիկ ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Ազոխի քարանձավի գտածոները ցուցադրվում են արցախյան տարբեր թանգարաններում, ժամանակավոր ցուցադրությամբ՝ նաև ՊՈԱԿ-ի շենքում։

aparaj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս